Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ....

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է Washington Post-ը:

Նշվում է, որ նրանք քննարկել են Ուկրաինայում պատերազմը: Ըստ թերթի՝ Թրամփը Պուտինին կոչ է արել խուսափել Ուկրաինայում էսկալացիայից և հիշեցրել Եվրոպայում ամերիկյան ուժերի զգալի ռազմական ներկայության մասին։

Պարբերականի զրուցակիցները նաև պնդում են, որ Պուտինն ու Թրամփը խոսել են եվրոպական մայրցամաքում խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին, և Թրամփը հետաքրքրություն է հայտնել՝ քննարկելու «հակամարտության շուտափույթ կարգավորումը»:

Թերթի փոխանցմամբ Թրամփը մասնավոր կերպով հասկացրել է, որ կաջակցի այն գործարքին, որի ընթացքում Ռուսաստանը կպահպանի գրավված տարածքի մի մասը:

Հրապարակման մասին պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել։

Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել էր, որ վերջ կդնի Ուկրաինայի պատերազմին, թեև մանրամասներ չի ներկայացրել, թե ինչպես է պատրաստվում դա անել: