
ԱՄՆ-ն մեծ ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար, սակայն այդ ճնշումները հրապարակայնորեն չեն քննարկվում։ Այս մասին Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեին հյուրընկալելու ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Օվալաձև աշխատասենյակում պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու Վաշինգտոնն ավելի շատ ճնշում չի գործադրում Մոսկվայի վրա։
«Ես մեծ ճնշում եմ գործադրում։ Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե որքան ճնշում եմ գործադրում Ռուսաստանի վրա, և Ռուսաստանը դա գիտի», - հարցուպատասխանի տեսանյութն է տարածել Forbes Breaking News-ը։
«Կարծում եմ՝ նա (Ռուսաստանը) ցանկանում է համաձայնության գալ։ Մենք շատ շուտով կիմանանք, բայց տանգո պարելու համար երկու մարդ է անհրաժեշտ։ Եվ համաձայնության գալու համար հարկավոր է նաև Ուկրաինայի ցանկությունը. նրանք շատ ուժեղ հարվածների են ենթարկվում։ Եվ ես իսկապես հավատում եմ, որ նրանք ուզում են գործարք կնքել», - ավելացրել Թրամփը:
Հարցին, թե ինչ զիջումներ կհամաձայնի Ռուսաստանն անել ուկրաինական ճգնաժամը լուծելու համար, Թրամփը պատասխանել է. «Պատերազմի ավարտ, այլ ոչ թե ամբողջ երկրի գրավում։ Դրանք մեծ զիջումներ են»։
Նախագահը նշել է, որ իր վարչակազմը նաև ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա։
«Մենք մեծ ճնշում ենք գործադրում երկու կողմերի վրա», - հավելել է նա։
Ավելի վաղ Թրամփը Truth Social-ում ուղղակիորեն դիմել էր Ռուսաստանի նախագահին՝ գրելով. «Վլադիմիր, կանգ ա՛ռ»։