
ԱՄՆ-ն առաջարկել է զորքեր ուղարկել Մեքսիկա՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում այդ երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումին օգնելու համար։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ից, այս մասին Ֆլորիդայից Վաշինգտոն վերադառնալիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա նաև նշել է, որ առաջարկն արել է, քանի որ թմրավաճառները «սարսափելի մարդիկ» են, որոնք հազարավոր մարդկանց մահվան պատճառ են դարձել։
«Եթե Մեքսիկան կարտելների հարցով օգնություն ցանկանար, ինձ համար պատիվ կլիներ միջամտել և դա անել», - նշել է նա։
Թրամփին նաև հարց են ուղղել՝ արդյոք ինքը հիասթափված է, որ Շեյնբաումը մերժել է առաջարկը։
«Կարծում եմ՝ նա հրաշալի կին է։ Մեքսիկայի նախագահը հրաշալի կին է, բայց նա այնքան է վախենում կարտելներից, որ նույնիսկ չի կարողանում ճիշտ մտածել», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ մերժել է Թրամփի առաջարկը, քանի որ «ինքնիշխանությունը վաճառքի ենթակա չէ»։ Նրա մեկնաբանությունները հնչել են` ի պատասխան մայիսի 2-ին The Wall Street Journal-ի հրապարակած հոդվածի, որում նշվում էր, որ Թրամփը ճնշում է գործադրում Մեքսիկայի վրա, որպեսզի երկիրը թույլ տա ավելի խորացնել ԱՄՆ ռազմական ներգրավվածությունը թմրակարտելների դեմ՝ ընդհանուր սահմանով թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարելու համար։
Շեյնբաումը նշել է, որ երկու երկրները կարող են համագործակցել, սակայն Մեքսիկան «երբեք չի ընդունի ԱՄՆ զինված ուժերի ներկայությունը» երկրի տարածքում։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը մայիսի 3-ին Reuters-ին հայտնել է, որ Թրամփը հստակորեն նշել է, որ Մեքսիկան պետք է ավելին անի թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող ավազակախմբերի և կարտելների դեմ պայքարելու համար, և ԱՄՆ-ն պատրաստ է օգնել։
Թրամփը հրապարակայնորեն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կձեռնարկի միակողմանի ռազմական գործողություններ, եթե Մեքսիկան չկարողանա վերացնել թմրակարտելները։
Վերջին ամիսներին երկու առաջնորդները մի քանի հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու անվտանգության, առևտրի և ներգաղթի վերաբերյալ հարցեր։