
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը չի բացառել Ազգային գվարդիայի մարտիկների կամ զինված ուժերի գործադրման հնարավորությունը արմատական ձախ ուժերի դեմ պայքարի համար նոյեմբերյան ընտրությունների ժամանակ։
«Մենք [ԱՄՆ-ում] շատ վատ մարդիկ ունենք, հիվանդ մարդիկ՝ ձախ արմատական գժերը։ Եվ ես կարծում եմ, որ նրանց հետ շատ հեշտ գլուխ կհանի Ազգային գվարդիան կամ, եթե իսկապես անհրաժեշտ լինի, զինվորականները»,- ասել է նախկին նախագահը Fox News հեռուստաալիքի հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են, ըստ նրա, անցնելու ընտրությունները, եւ արդյոք «քաոս» կլինի այդ օրը։
Թրամփը նաեւ նշել է, որ ներքին թշնամիներն ավելի վտանգավոր են, քան արտաքին սպառնալիքները։ «Թշնամին ներսում, ըստ իս, ավելի վտանգավոր է, քան Չինաստանը, Ռուսաստանը եւ այդ բոլոր երկրները»,- ավելացրել է նա։
Արձագանքելով հանրապետականների խոսքին՝ նրա մրցակից Քամալա Հարիսի շտաբը հայտնել է, որ Թրամփն առաջարկում է «մի ինչ-որ վտանգավոր բան», իսկ նրա վերադարձը նախագահի պաշտոնին «պարզապես ռիսկ կլինի, որն ամերիկացիները թույլ տալ չեն կարող»։