
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Ուկրաինայի հետ հանքանյութերի արդյունահանման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, հայտարարել է, որ հույս ունի գործարքից ավելին ստանալ, քան նախորդ ամերիկյան վարչակազմի կողմից Կիևին աջակցելու համար ծախսված 350 միլիարդ դոլարը։
«Մենք գործարք կնքեցինք, որի շրջանակներում տեսականորեն կստանանք 350 միլիարդ դոլարից շատ ավելին», - News Nation-ին ասել է նախագահը։
Նա հավելեց, որ գործարքը ներկայացնում է 350 միլիարդ դոլարի փոխհատուցումը, որը «Բայդենը նրանց փոխանցեց»։
Վատիկանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ իր զրույցի բովանդակության մասին հարցին Թրամփն ասել է. «Ես նրան ասացի, որ շատ լավ կլինի, եթե մենք կարողանանք համաձայնագիր կնքել, և դուք այն ստորագրեք»։
Ամերիկացի առաջնորդը դրական է պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգների ներկայությունը Ուկրաինայում կարող է խոչընդոտել Ռուսաստանի առաջխաղացումը տարածաշրջանում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, ամերիկյան և ուկրաինական իշխանությունները համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշվում էր, որ նպատակը կլինի համատեղ ներդրումները՝ «Ուկրաինայի տնտեսական վերականգնումը արագացնելու» համար։
«Այս համաձայնագիրը հստակ ազդանշան է Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հանձնառու է խաղաղության գործընթացին, որը երկարաժամկետ հեռանկարում հիմնված կլինի ազատ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինայի վրա», - նշել է նախարարությունը։
Իր հերթին, Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ համաձայնագիրը ԱՄՆ-ին արտոնյալ մուտք կտա Ուկրաինայի բնական պաշարների հետ կապված նախագծերին։ Սա, ի թիվս այլ բաների, ներառում է նավթ, գազ, գրաֆիտ և ալյումին։