
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է պարգևատրման տեսքով 1000-ական դոլար վճարել այն անօրինական միգրանտներին, որոնք կորոշեն կամավոր լքել երկիրը: Այս մասին մայիսի 5-ին հայտարարություն է տարածել ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը։
«Եթե դուք այստեղ եք անօրինականորեն, ապա «ինքնաարտաքսումն» ԱՄՆ-ից հեռանալու լավագույն, առավել անվտանգ և նվազագույն ծախսեր պահանջող միջոցն է՝ խուսափելու ձերբակալությունից», - մեջբերված է գերատեսչության ղեկավար Քրիստի Նոյեմի խոսքը հայտարարության մեջ։
Նախարարությունն առաջարկում է վճարել ուղևորության վարձը և պարգևատրում ստանալ CBP Home բջջային հավելվածի միջոցով՝ տուն վերադառնալու համար: Յուրաքանչյուր անօրինական միգրանտ, որն այս հավելվածն օգտագործում է «ինքնաարտաքսման» համար, հայրենիք վերադառնալու փաստը հաստատելուց հետո ստանում է 1000 դոլար:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ նույնիսկ այս վճարի դեպքում անօրինական միգրանտների արտաքսման ծախսերը կնվազեն շուրջ 70%-ով։
«Ներկայում անօրինական ներգաղթյալին ձերբակալելու, կալանքի տակ պահելու և վտարելու միջին ծախսերը կազմում են 17 121 դոլար», - նշված է հայտարարության մեջ։
The Associated Press-ը նշում է, որ ներգաղթի քաղաքականության խստացման շրջանակներում Թրամփի վարչակազմը հիմնովին նորացրել է պետության նախկին ղեկավար Ջո Բայդենի օրոք մշակված հավելվածը։ ԱՄՆ-ի մաքսային-սահմանապահ ծառայության CBP One հավելվածը, որը հնարավորություն էր տալիս մուտք գործել գերատեսչության տարբեր ծառայություններ երկիր մտնելու և ապաստան ստանալու համար, այժմ կոչվում է CBP Home և նախատեսված է «միգրանտներին օգնելու վերադառնալ հայրենիք»։
Վերջին ամիսներին ԱՄՆ նախագահը մի շարք խիստ միջոցներ է ձեռնարկել անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում։ Թրամփն իր պաշտոնալակությունից անմիջապես հետո հայտարարեց Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին։