Թրամփի վարչակազմն Իրանին առաջարկել է 15 կետից...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն Իրանին առաջարկել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիր: Այս մասին հաղորդում է The Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի։

Նշվում է, որ հրադադարի ծրագիրն Իրանին է ներկայացվել Պակիստանի միջնորդների կողմից, որոնք առաջարկել են հյուրընկալել Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները։

Ավելի վաղ The New York Times-ն էր հայտնել, որ 15 կետից բաղկացած ծրագիրն արդեն փոխանցվել է իրանցի պաշտոնյաներին։

Այս ծրագրի մասին տեղեկությունների հայտնվելուց առաջ հաղորդվել էր, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են 82-րդ օդադեսանտային դիվիզիայից առնվազն 1000 լրացուցիչ զինվոր ուղարկել՝ համալրելու տարածաշրջանում արդեն իսկ գտնվող մոտ 50 000 զինծառայողների շարքերը։

Պենտագոնը նաև իրականացնում է տարածաշրջանում ծովային հետևակի երկու էքսպեդիցիոն ստորաբաժանում տեղակայելու գործընթաց, որից հետո Մերձավոր Արևելքում կավելանան մոտ 5000 ծովային հետևակային և հազարավոր նավաստիներ։

AP-ի աղբյուրը նշել է, որ իսրայելցի պաշտոնյաները, որոնք ցանկանում էին, որ Թրամփը շարունակի Իրանի դեմ պատերազմը, անակնկալի են եկել ԱՄՆ վարչակազմի կողմից հրադադարի ծրագրի առաջարկից։

Սակայն հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելք լրացուցիչ զինվորներ և ծովային հետևակայիններ ուղարկելու համար, այս քայլը մեկնաբանվում է որպես Թրամփի կողմից մանևր՝ հետագա գործողությունների ընթացքում իրեն «առավելագույն ճկունություն» տալու համար։

Սպիտակ տունը չի արձագանքել այս տեղեկությունները մեկնաբանելու հարցմանը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցություններ են ընթանում, և երկու կողմն էլ ցանկանում է համաձայնագիր կնքել։ Իրանում հերքել էին դա։