Թրամփի քննադատությունից հետո Հռոմի Պապը հայտա...

Կաթոլիկ եկեղեցու առաջին ամերիկացի առաջնորդ Լևոն XIV Պապը հայտարարել է, որ չի վախենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից և մտադիր չէ նրա հետ բանավեճի մեջ մտնել։

Ավելի վաղ՝ Լևոն XIV-ի հակապատերազմական հայտարարություններից հետո, ամերիկացի առաջնորդը Truth Social-ում գրել էր, որ «այս Պապը թույլ է հանցավորության և արտաքին քաղաքականության հարցերում»։ Թրամփը պնդել է, որ եթե չլիներ իր նախագահությունը, ամերիկացին Պապ չէր ընտրվի։

«Ես չեմ վախենում Թրամփի վարչակազմից։ Ես նրա հետ բանավիճելու մտադրություն չունեմ։ Ես խոսում եմ Ավետարանի մասին և կշարունակեմ դեմ լինել պատերազմին»,- ANSA-ն մեջբերել է Պապի խոսքերը՝ Աֆրիկա կատարած այցի ժամանակ։

Վերջին շաբաթներին Լևոն XIV-ը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման վերաբերյալ՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ագրեսիայի պատճառով։ Հռոմի Պապը բավականին կտրուկ է արտահայտվել ԱՄՆ նախագահի և նրա շրջապատի մասին։ Մասնավորապես, նա միանգամայն անընդունելի է անվանել Իրանում քաղաքակրթությունը ոչնչացնելու՝ Թրամփի սպառնալիքը, ինչպես նաև առարկել Է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին, որը կոչ է արել աղոթել ամերիկացի զինվորների հաղթանակի համար «Հիսուս Քրիստոսի անունով»: Ավելի վաղ Հռոմի Պապն ասել էր, որ գերիշխանության ձգտումը «խորթ է Հիսուս Քրիստոսի ճանապարհին»։

Ապրիլի 11-ին Հռոմի Պապ Լևոն XIV-ը հակապատերազմական քարոզ է կարդացել Սուրբ Պետրոսի տաճարում: «Մահվանը հնազանդվում է նա, ով երես է թեքում Աստծուց՝ իրեն և իր իշխանությունը համր, կույր և խուլ կուռք դարձնելու համար։ Դադարեք երկրպագել ինքներդ ձեզ ու փողին: Բավական է ուժ ցուցադրել: Բավական է պատերազմել»,- նշել է հովվապետը։