«Թրամփի երթուղու» իրականացումը լրացուցիչ խթան...

«Թրամփի երթուղու» իրականացումը լրացուցիչ խթան կհաղորդի «Միջին միջանցքի» նախաձեռնության հաջողությանը։

Այս մասին APA-ին տված հարցազրույցում հայտարարել է Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը։

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման (TRIPP) հեռանկարը նախատեսում է Զանգեզուրում 43 կմ երկարությամբ ճանապարհի բացում, որը կմիացնի Ադրբեջանը Նախիջևանի հետ և կկառավարվի ԱՄՆ-ի կողմից։ Այդ ճանապարհը կդառնա Կենտրոնական Ասիայից Ադրբեջան եւ այնուհետեւ Թուրքիայի տարածքով դեպի համաշխարհային շուկաներ խոշոր առեւտրային երթուղու մի մասը։

Մենք այդ միջանցքն անվանում ենք «Միջին միջանցք»։ Այն գտնվում է Արևելք-Արևմուտք առանցքի վրա՝ Հյուսիս և Հարավ տրանսպորտային միջանցքների միջև, և ունի զգալի ռազմավարական առավելություններ՝ համեմատած երկու այլընտրանքային երթուղիների հետ: Այս առավելությունների թվում են ավելի կարճ հեռավորությունը, կլիմայի առավելությունները, ինչպես նաև ավելի կայուն քաղաքական միջավայրը:

Տարածաշրջանում համապարփակ խաղաղության և կայունության հաստատումը, ինչպես նաև «Թրամփի ուղու» իրականացումը լրացուցիչ խթան կհանդիսանան Միջին միջանցքի նախաձեռնության հաջողության համար»,-ասել է գլխավոր քարտուղարը։

Կուբանիչբեկ Օմուրալիևը ուշադրությունը կենտրոնացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացում ԱՄՆ-ի հատուկ դերի վրա:

«Մենք ողջունում ենք 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի միջնորդությամբ ստորագրված համատեղ հայտարարությունը, ինչպես նաև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը։ Այս կարևոր քայլը ցույց է տալիս կողմերի վճռականությունը՝ ետևում թողնել կոնֆլիկտային ժառանգությունը և ապագան կառուցել համագործակցության և փոխադարձ հարգանքի հիման վրա: ԱՄՆ-ի կառուցողական մասնակցությունն առանցքային դեր է խաղացել այդ հաջողության հասնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման գործում։

Մենք այդ զարգացումը համարում ենք պատմական շրջադարձային պահ ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի, այլեւ ողջ Հարավային Կովկասի եւ նրա սահմաններից դուրս, ինչը ճանապարհ է բացում դեպի կայուն խաղաղություն, կայունություն եւ բարեկեցություն»,-ընդգծել է ԿԿուբանիչբեկ Օմուրալիևը: