Թրամփ․ նախ կավարտենք Իրանի դեմ գործողությունը...

Միացյալ Նահանգները մտադիր են նախ ավարտին հասցնել Իրանի դեմ ռազմական գործողությունը, իսկ հետո անցնել Կուբայի նկատմամբ հետագա գործողությունների կուրսի մշակմանը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մարկո՛, դու ֆանտաստիկ ես աշխատում։ Եվ դու ֆանտաստիկ ես աշխատում մի վայրի ուղղությամբ, որը կոչվում է Կուբա», - ասել է նա Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարը դիմել է Մարկո Ռուբիոյին, ով հանդիսանում է ԱՄՆ պետքարտուղարը, ինչպես նաև նրա ազգային անվտանգության հարցերով օգնականը։

«Այն, ինչ կատարվում է Կուբայի հետ, ապշեցուցիչ է», - կարծում է Թրամփը։ «Բայց մենք ուզում ենք նախ սա ավարտել», - նշել է նա՝ նկատի ունենալով Իրանի դեմ ռազմական արշավը։

«Դա միայն ժամանակի հարց է, թե երբ դու և շատ այլ անհավանական մարդիկ ԱՄՆ-ից հետ կգնաք Կուբա։ Հուսանք՝ ոչ այնտեղ մնալու համար։ Մենք ուզում ենք, որ դու վերադառնաս», - շարունակել է Թրամփը՝ դիմելով կուբայական արմատներ ունեցող Ռուբիոյին։

Բացի այդ, նա վստահություն է հայտնել, որ Վենեսուելայում գործերը հիանալի են։

«Այն կայունացվել է», - կարծում է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։

«Մենք Վենեսուելայում ունենք հրաշալի նախագահ, ընտրված նախագահ՝ Դելսի Ռոդրիգեսը։ Նա և իր շրջապատը ֆանտաստիկ են աշխատում, աշխատում են մեզ հետ», - ասել է նա։

«Մենք Վենեսուելայից ստանում ենք հարյուր միլիոնավոր բարել նավթ, ուղարկում ենք այն Հյուսթոն և այլ կետեր՝ վերամշակման։ Եվ նրանց շատ ավելի շատ փող ենք ուղարկում, քան նրանք վաստակում էին երկար տարիների ընթացքում», - հավելել է նախագահը։

Ինչպես օրերս հայտնել էր The Atlantic ամսագիրը՝ հղում անելով իր աղբյուրներին, ԱՄՆ ղեկավարությունը դիտարկում է Կուբայի դեմ ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը՝ համարելով, որ Վենեսուելայի և Իրանի նկատմամբ նմանատիպ գործողությունները տալիս են Վաշինգտոնի ակնկալած արդյունքները։ Պարբերականի տեղեկություններով՝ ամերիկյան նախագահը և նրա վարչակազմի անդամները զգում են, որ իրենց մոտ ամեն ինչ ստացվում է, և ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես հարկն է։