«Թող Նիկոլը հատիկ-հատիկ մտնի էս էրեխեքի տները...

Բողոքի ակցիա է տեղի ունենում Երևանի թիվ 16 հոտուկ դպրոցում: Տնօրինությունը այս տարվա մայիսին ստացել է ծանուցում, որ դպրոցը պետք է դառնա հանրակրթական, սակայն երկու օր առաջ ասել են, որ պետք է լուծարվի:

Տեղում էր նաև ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: Նրա խոսքով՝ խնդիրը դպրոցը լուծարելը չէ, պարզապես հանրակրթության  մասին օրենքով՝ Հայաստանի Հանրապետությունը անցնում է համընդհանուր ներառման, և Երևան քաղաքն այս տարի ամբողջությամբ պետք է անցնի համընդհանուր ներառման.

«Լինելու են բժշկամանկավարժահոգեբական կենտրոններ, որոնք սովորական դպրոցներում աջակցություններ են ցույց տալու: Դրանցից է նաև այս դպրոցը: Այս պահի դրությամբ դեռևս Կառավարության որոշում չկա, և դպրոցը շարունակելու է գործել, մինչև կլինի համապատասխան որոշումը»: 

ԿԳՄՍ նախարարության աշխատակցի խոսքով՝ դպրոցի հետ կապված վերջնական որոշում կլինի միայն քննարկումներից ու Կառավարության որոշումից հետո: Ի պատասխպան ծնողների հարցին՝ ինչպե՞ս է լուծվելու երեխաների սննդի հարցը, եթե այս պահին չկա համապատասխան ֆինանսավորումը, և ճաշարանն էլ չի աշխատում, Աշոտ Արշակյանն ասաց, որ դա  ոչ թե կրթական, այլ սոցիալական հարց է, ինչի վերաբերյալ պարզաբանում պետք է տա ոչ թե ԿԳՄՍ, այլ Սոցապ նախարարությունը: Իր խոսքով՝ այդ հարցը ևս կքննարկեն միասին: 

Ծնողներից մեկն էլ առաջարկեց հավաքվել ու միասին գնալ Կառավարության մոտ.

«Կառավարությունը որոշում է ընդունել՝ եթե էրեխեքիդ հետ գնում ես կառավարության շենք, բողոքելու՝ ինչ-որ մի բանին համաձայն չես, իրանք կարան շատ սիրուն մուրացկանության, թափառաշրջիկության պիտակ կպցնեն ու էրեխեքին քո ձեռից առնեն: Խորհուրդ եմ տալիս՝ հավաքվենք, գնանք Նիկոլի դռան դեմը, թող հատիկ-հատիկ մտնի էս էրեխեքի տները ու տեսնի՝ ոնց են ապրում, ինչ են անում 5-ից հետո»: