
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հանձնարարել է նավթի փոխադրման ծավալը հասցնել տարեկան 20 միլիոն տոննայի՝ շրջանցելով Ռուսաստանը Կասպից ծովի Ակտաուի եւ Կուրիկի նավահանգիստներով։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը՝ Անդրկասպյան երթուղու զարգացումն առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում։
«Մենք պետք է ակտիվացնենք Ակտաուի եւ Կուրիկի նավահանգիստների բոլոր հասանելի հզորությունները, որպեսզի մեծացնենք թողունակությունը եւ նավթի փոխադրման ծավալը հասցնենք տարեկան 20 միլիոն տոննայի»,- ասել է Ղազախստանի ղեկավարը Մանգիստաուի շրջանում հանրության հետ հանդիպման ժամանակ:
Տոկաեւը նշել է, որ իր լավ աշխարհագրական դիրքի շնորհիվ Մանգիստաուի շրջանը մեծ ներուժ ունի, եւ նավահանգստային Ակտաու քաղաքն իրավամբ կարելի է «Ղազախստանի ծովային դարպասներ» անվանել։ Նախագահը կոչ է արել ռացիոնալ օգտագործել ուժեղ կողմերը եւ տարածաշրջանը դարձնել համաշխարհային նշանակության տրանսպորտային-տարանցիկ հանգույց։
Երկրի ղեկավարը հավելել է, որ նախատեսվում է մի շարք միջոցառումներ իրականացնել՝ ուղղված նավահանգստային ենթակառուցվածքների զարգացման, կոնտեյներային եւ տրանսպորտային ու լոգիստիկ հանգույցների ստեղծման համար գումար ներգրավելուն։