ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս խոստովանել է անսովոր մի փաստ. Լեռնային Ղարաբաղի կորուստը՝ 2020-2023 թվականների ռազմական պարտությունը, որը զրկեց Հայաստանին իր հիմնական ռազմավարական բուֆերից և, ի վերջո, հանգեցրեց 120,000 քրիստոնյա հայերի իրենց պատմական հայրենիքից վտարմանը, «հաշվարկված զոհաբերություն էր՝ Հայաստանի անկախությունը պահպանելու համար», գրում է The Washington Times-ը։
Կայքը շեշտում է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ինքնիշխան տարածքի կանխամտածված փոխանցումը և ռազմական պարտության կազմակերպումը համարվում են դավաճանության սահմանման մեջ մտնող գործողություններ: Հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները Հայաստանում սովորական ընտրություններ չեն: Փաշինյանի համար սա անձնական քաղաքական գոյատևման հարց է։
Մոտ 8% վարկանիշ ունեցող առաջնորդը չի կարող հաղթել ազատ և արդար ընտրություններում: Նա կամ կպարտվի և պատասխանատվության կենթարկվի, կամ կապահովի, որ ընտրությունները չլինեն ազատ և արդար։
Հեղինակների կարծիքով, վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած ամեն ինչ վկայում է երկրորդ սցենարի մասին։
Նրանց գնահատմամբ՝ ծրագիրն արդեն ակնհայտ է, և դրա տարրերն արդեն իրականացվում են։ Գործարար Սամվել Կարապետյանը, որը Հայաստանի ընդդիմության հիմնական հովանավորներից մեկն է, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր ֆինանսական աջակիցը, որը Փաշինյանի հարձակումների հիմնական թիրախներից մեկն է, ձերբակալվել է 2025 թվականի հունիսին՝ իշխանության անօրինական զավթման հրապարակային կոչ անելու մեղադրանքով։ Այս ամիս՝ ընտրություններից մի քանի շաբաթ առաջ, նրա տնային կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով, ինչը, ըստ հրապարակման, խանգարում է նրան քարոզարշավ անցկացնել։ Նրան կալանավորելու որոշումը նախկինում հրապարակվել էր Փաշինյանի ընտանիքին կապված կայքում՝ դատարանի պաշտոնական որոշումից մեկ օր առաջ, որը, նրանց պնդմամբ, ցույց է տալիս դատական համակարգի վրա ճնշումը։
Խորհրդարանական ամբիոնից Փաշինյանը, ըստ պարբերականի, ընդդիմադիր ընտրողներին անվանել է «շուն ու շանգյալներ»։ Երևանի մետրոյում նա բախվել է Լեռնային Ղարաբաղից փախած մի կնոջ՝ երեխայի հետ և ղարաբաղցիներին անվանել «դասալիքներ»։
Նաև պնդում են, որ Փաշինյանը սպառնացել է Ադրբեջանի կողմից նոր ռազմական գործողություններով, եթե ինքը չվերընտրվի։
Հոդվածի համաձայն՝ «Transparency International» հակակոռուպցիոն կազմակերպությունը փաստագրել է «վարչական ռեսուրսների լայնածավալ չարաշահում» և նշել, որ Հայաստանում բացակայում են ազատ և արդար ընտրությունների պայմանները։
Փաշինյանի իշխող կուսակցությունը, ենթադրաբար, նաև պնդել է ընտրական օրենսդրության փոփոխությունների վրա, այդ թվում՝ ընտրությունների դիտորդներին որակազրկելու նոր լիազորությունների վրա։
Հեղինակների կարծիքով, Եվրամիությունը սրել է խնդիրը։ ԵՄ-ն նախատեսում է 14 միլիոն դոլարի օգնության փաթեթ տրամադրել ապատեղեկատվության դեմ պայքարելու և ՀՀ վարչապետի գրասենյակին խորհրդատվություն տրամադրող «հիբրիդային արագ արձագանքման խմբի» ստեղծման համար, որը, ենթադրաբար ամրապնդում է Փաշինյանի դիրքերը կրիտիկական պահին։
Հայկական ընդդիմությունը զգուշացնում է, որ ԵՄ նման աջակցությունը կարող է ընկալվել որպես «կանաչ լույս» ընտրությունների ժամանակ հնարավոր մանիպուլյացիաների համար։
Պարբերականի համաձայն՝ խաղադրույքները դուրս են գալիս Հայաստանի սահմաններիցը։ Վաշինգտոնը կենտրոնացած է Իրանի վրա։ Նրանք կարծում են, որ «գողացված ընտրությունները», որոնք իշխանության են պահում անվստահելի գործընկերոջ Փաշինյանին, որը պարբերաբար հանդիպում է Վլադիմիր Պուտինի հետ և ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել Չինաստանի հետ, կարող են վտանգել ԱՄՆ տարածաշրջանային նախագծերը։



