Նոյեմբերի 26-ին Երուսաղեմում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Էդեն Բար Թալի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է առկա պատրաստակամությունն աշխատանքներ տանել Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունները, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական ոլորտներում ակտիվացնելու ուղղությամբ: Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների վերաբերյալ:
Այցի ընթացքում տեղի են ունեցել նաև Հայաստանի և Իսրայելի ԱԳ նախարարությունների միջև 12-րդ քաղաքական խորհրդակցությունները: Հանգամանալից անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության հնարավորություններին: Բարձր տեխնոլոգիաների, բժշկության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներն առանձնանշվել են որպես երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, փոխգործակցության առավել մեծ ներուժ ունեցող ուղղություններ:



