Ռուսաստանը ռեակտիվ դրոններով հարվածել է Խարկո...

Հոկտեմբերի 4-ի ուշ երեկոյան ռուսական բանակը «Բանդերոլ» տեսակի ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարվածել է Խարկովին, հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Երեք ԱԹՍ հարվածել է Ինդուստրիալ շրջանի բնակելի շենքերի հարևանությամբ՝ կոտրելով դրանցից հինգի պատուհաններն ու վնասելով տանիքները։ «Ցավոք, կա մեկ զոհ։ Բացի այդ, ութ մարդ վիրավորվել է, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր», — նշել է Տերեխովը։

Մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հստակեցրել է, որ հարվածներից մեկը հասցվել է բազմահարկ շենքին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնել են նաև վարչական շենքերից մեկում և արդյունաբերական օբյեկտում բռնկված հրդեհների մասին։ Բացի այդ, հարձակման հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ։ «Новости.LIVE»-ի տվյալներով՝ հարվածներից մեկի հետևանքով զոհված տղամարդը մեքենայի մեջ է եղել կնոջ և շան հետ։ Կինը ողջ է մնացել, սակայն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Շունը նույնպես ողջ է մնացել․ նրան դուրս են բերել մեքենայից և հանձնել Կենդանիների պաշտպանության կենտրոնին։