Մենք այսօր արդեն տեղեկացրել էինք, որ Սյունիքում մարզի բնակիչները բողոքի են դուրս եկել Նիկոլ Փաշինյանի դեմ: Սյունեցիները Փաշինյանին տեսնելիս մայր էին հայհոյում, անվանում կապիտուլյանտ և թուրք: Փաշինյանը լսում էր քաղաքացիների վանկարկումները և ողջունում նրանց:
Չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը ոջունում էր իրեն հայհոյողներին՝ պարզվում է, որ նա բարկացած է և չի պատրաստվում ներել իրեն մայր հայհոյողներին: Նա շտապ կարգով Սյունիք է կանչել ՀՀ ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին: Սյունիքի մարզպետարանում կազմակերպված խորհրդակցության ժամանակ Փաշինյանը ուժային կառույցի ղեկավարներին հրահանգում է պատժել իրեն վիրավորողներին. «Ուզում եմ անդրադառնալ նաև այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին։ Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում։ Ես ակնկալում եմ, որ Հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակ ուղղակի ստեղծի տպավորություն, այսինքն՝ անկախ տպավորությունից չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա ՀՀ-ում։ Պարոն Աբազյան, պարոն Ղազարյան, դուք հիմա այստեղ եք, ես ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի և մեղավորները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության»,– ասաց Նիկոլ Փաշինյանը:
Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցների ղեկավարներին հրահանգել է ամենակոպիտ ձևով պատժել իրեն մայր հայհոյած քաղաքացիներին: Նա նաև հրահանգել է գործողությունները տեսանկարահանել, որպեսզի այն ցուցադրվի հեռուստատեսությամբ, որը կարող է զսպիչ նշանակությունուն ունենալ և այլ մարզերում իրեն այլևս հրապարակային մայր չեն հայհոյի:



