
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սեպտեմբերի 26-ից կսահմանափակվի զվարճանքիև ժամանցի որոշ օբյեկտների գործունեությունը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Ուսումնասիրել ենք երկար տարիների ընթացքում բնակիչների բողոքները, նաև ուսումնասիրել ենք այդ բողոքների հիմքերը, և պարզվել է, որ շատ հաճախ մասնավորապես զվարճանքի օբյեկտները գիշերային ժամերին իրենց տեղակայումով, գտնվելով բազմաբնակարան շենքերի տակ, խաթարում են բնակիչների հանգիստը և շատ հաճախ նույնիսկ հանդիսանում քրեածին իրավիճակի պատճառ: Վաղուց հասունացել էր անհրաժեշտությունը՝ ընդունելու սահմանափակման ենթակա օբյեկտների մասին դրույթը և Ազգային ժողովը 2018թ. սեպտեմբերին ընդունեց սահմանափակման ենթակա օբյեկտներին վերաբերող օրենքը»,- ասում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:
Դիսկոտեկներ, կարաոկեներ, հեստապարային ակումբներ ու շոգեբաղնիքներ: Հիմնականում սրանք են այն օբյեկտները, որոնք ընդգրկված են սահմանափակման ենթակա հաստատությունների ցանկում:
«Բազմաբնակարան շենքերի տակ կամ դրանց տարածքում, պետական կամ տեղական ինքնակառավարաման մարմինների վարչական շենքերում, բժշկական, կրթական և պատմամշակութային հաստատություններում գտնվող զվարճանքի օբյեկտները օրենքի ուժով դուրս են գալիս տվյալ շինությունների տարածքներից»,- պարզաբանում է Հովիկ Սաֆարյանը:
Կեսգիշերն անց նման հաստատությունների գործունեությունը իրավախախտման բազմաթիվ դեպքերի պատճառ է դարձել: ՀՀ ոստիկանության տվյալներով՝ այս տարվա 9 ամսվա ընթացքում արձանագրվել է 563 իրավախախտում:
Օրենքի խստացմանը զուգահեռ՝ տնտեսվարողներին, ի դեպ, առաջարկվում է այդ վայրերում փոխել գործունեության տեսակը, որը չի խաթարի համակեցության կանոններն ու չի հակասի օրենքին: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը ավագանու քննարկմանը կներկայացնի որոշման նախագիծ: