Տեսանյութ. Բողոքի ակցիա՝ «Երեխաների քաղաք» ծր...

«Հույսի կամուրջ», «Մենք կարող ենք» հասարակական կազմակերպությունների անդամները, հաշմանդամություն ունեցող անձիք այսօր կառավարության մոտ բողոքի ակցիա էին իրականացնում:  «Ոՙչ առանձնացում, այոՙ ներառում» կարգախոսով ակցիայի մասնակիցները դեմ են Արարատի մարզում իրականացվելիք «Երեխաների քաղաք» ծրագրին: 

«Կառավարությանը կոչ ենք անում վերանայել իր որոշումը և չիրականացնել քայլեր, որոնք դեմ են ներառական կրթությանը: 

Ծրագիրը դեմ է ՄԱԿ-ի՝ հաշմանդամություն ունեցող անձանց մասին կոնվենցիայի 5-րդ հոդվածին, որով արգելվում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմաբ ցանկացած խտրականություն: Եթե հաշմանդամություն ունեցող երեխաները ապրելու են այտեղ, բոլորից մեկուսի, ապա ստացվում է այնպես, որ նրանք խտրականության են ենթարկվում: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ երեխաները դուրս են գալիս այստեղից, գալիս Երևան քաղաք, որտեղ ամեն ինչ իրենց հարմարեցված չէ, և ընկնում են վատ դրության մեջ: Բացի դրանից «Երեխաների քաղաք» ծրագիրը ոտանահարում է ներառականության մասին գաղափարը»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք՝  ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Երեխաների քաղաք» նախագծի իրականացման նպատակով Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում անհատույց հողատարածքներ տրամադրել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը:

Նախագծի համաձայն՝ վերոնշյալ համայնքների տարածքներում նախատեսվում է կառուցել քաղաք, որտեղ օթևան կգտնեն հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով շուրջ 600 երեխա: