«Արդեն մեկուկես տարի գտնվում ենք թեժ ամառ, թեժ գարուն, թեժ աշուն վիճակներում, որովհետև այս իշխանափոխությունը լարվածության մեջ պահեց ամբողջ հասարակությանը: Մենք բոլորս հիմա այսպես ասած՝ թեժ վիճակում ենք, այնպես չէ որ ամեն ինչ հանդարտ վիճակում է: Ենթադրում եմ՝ իրավիճակը դարձյալ կլարվի, քանի որ հասարակական կարծիքը տրանսֆորմացիայի է ենթարկվում, և նախկին էյֆորիկ, զոմբիական տրամադրությունները այսօր քիչ են»,- Politik.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ իշխանության կողմից փորձ է արվում օրակարգից հանել այն հարցերը, որոնք հասարակության համար կարող են կարևոր դառնալ, Եսայանը պատասխանեց.
«Այն, որ իշխանությունը տարբեր կարևոր խնդիրների է նետում հրապարակ, ապա ետ կանգնում դրանցից, խոսում է մի բանի մասին՝ անձիք, որ իշխանության են եկել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօրվա կառավարությունը և անձամբ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, չունեն պետության կառավարման տեսլական: Վարչապետն ունի կոնկրետ հանձնարարկաններ, կոնկրետ կետերով գիտի՝ ինչ պետք է անի, և դրանք բացարձակապես կապ չունեն պետականամետության, անցած 30 տարիների անկախ պետության տեսլականի հետ:
Օրինակ՝ Ստաբուլյան կոնվենցիայի դեպքում այսօրվա իշխանությունը հասկացավ, որ կոնվենցիան իրենց սպասվածից ավելի հասարակական հնչեղություն ստացավ, հասկանցավ, որ հասարակությունը թույլ չի տա վավերացնել այն: Իրենք դա հրապարակ նետեցին, կարծում եմ՝ ստուգեցին հասարակական տրամադրությունները և վախեցան այդ տրամադրություններից: Իրենց ցանկացած քայլ բերում է հասարակական տրամադրության կուլմինացիայի, և բոլոր կուլմինացիոն կետերը կարող են մի օր միախառնվել և հրաբուխ դառնալ»- ասաց նախկին պատգամավորը:
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Ամուլսարի շահագործման վերաբերյալ վերջին զարգացումներին՝ նշելով, որ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ամուլսարիր մասին բոլորովին այլ բան էր ասում՝ ընդդեմ այդ ծրագրի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այլ բան է ասում.
«Նա նույնիսկ տնետուն է ընկնում ժողովրդին համոզելու համար, պետական բյուջեից գումար հատկացնում փորձագիտական դիտարկումների համար: Այսինքն՝ ինքը բացարձակ մոլորության մեջ է, և չի կարողնում հասկանալ՝ որոնք են Հայաստանի համար առաջնային և երկրորդական խնդիրները:
Վարչապետը մյուս կողմից շատ լավ հասկանում է, որ հասարակական տրամադրությունները շատ արագ են փոխվում, և ինքն այլև չունի, և երբևէ չի ունենալու հասարակության այն վստահությունը, որն ուներ մեկ տարի առաջ կամ գոնե 2018-ի դեկտեմբերին, հենց սա էլ սա նրան դնում է շախմատային լեզվով ասած՝ ցայտնոտային, խուճապային տրամադրության մեջ»,- ամփոփեց Մարգարիտ Եսայանը:
Զրույցը մանրամասն՝ տեսանյութում.



