«ԼուրջCast» հաղորդման եթերում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադարձել է 2018-ի իրադարձություններին և ուշագրավ դրվագ հիշել. «2018-ի ապրիլի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ազգը ցնծում էր: Դե մենք էլ հավաքվեցինք այդ ցնծության մթնոլորտում, ի վերջո, քանի՜ տարի պայքարել էինք նրա հրաժարականի համար: Էդ ազատագրման զգացումի համար կոնյակ խմեցինք, հետո գնացինք Առաջին նախագահի մոտ ու տեսանք՝ շատ լուրջ նստած է, ասացինք՝ ժողովուրդը ցնծում է, ինչո՞ւ եք դուք էս տրամադրության մեջ: Ինքն ասաց մի նախադասություն, որն իմ հիշողությունից դուրս չի գալիս, ասաց՝ լսե՛ք, դուք չեք հասկանո՞ւմ, էսօր ես ամենադժբախտ մարդն եմ ՀՀ-ում, որովհետև իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է և՛ Հայաստանը, և՛ Արցախը»: Զուրաբյանի խոսքով՝ Տեր-Պետրոսյանի կանխատեսման կարողությունը բավականին հզոր էր:
Զուրաբյանին իհարկե կարելի էր լսել «թաց աչքերով»։ Միամիտները նրա խոսքում կարող են տեսնել իմաստուն Լևոն պապիկին, որ պետության դարդը սրտում չի կարողացել ուրախանալ, երբ Սերժ Սարգսյանին հեռացրել են իշխանությունից, այն դեպքում երբ ինքը երկար տարիներ պայքարել է Սերժ Սարգսյանի դեմ կամ առնվանզ նման իմիտացիա է ստեղծել։ Բայց քաղաքական դաշտը միամիտների համար չէ ու բոլորն են հիշում, որ 2018 թվականին Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը երկու անգամ պաշտոնապես շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին։ Առաջին անգամ մայիսի 9-ին իրենց ձևակերպմամբ «քրեաօլիգարխիկ ռեժիմի կազմաքանդման ուղղությամբ ունեցած բոլոր նվաճումների կապակցությամբ», երկրորդ անգամ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։
Զուրաբյանը նաև պնդում է, թե Տեր-Պետրոսյանը բավական հզոր կանխատեսման կարողություն ունի ու ճիշտ է գնահատել Նիկոլ Փաշինյանին։ Եթե անգամ այս հայտարարությունը սուտ չլիներ ու Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը շնորհավորած չլիներ Փաշինյանին, ապա այդ դեպքում էլ ոչ մի կանխատեսման հզոր կարողության մասին խոսք չի կարող գնալ։ Տեր-Պետրոսյանը Փաշինյանի, քաղաքական իմաստով, կրծքով կերակրող մայրն է եղել՝ պարզ է, որ նա գիտեր, թե ինչու՞ էր իր «զավակը» բերվում իշխանության։
Հայաստանյան քաղաքական դաշտում երեսպաշտությունը ընդունված պրակտիկա է ու այս հայտարարությունն էլ այդ շարքից է։ Տեր-Պետրոսյանը տարիքից ելնոլով կարող է մոռացած լինել, թե ինչ հայտարարություններ են արվել 2018-ին, բայց հո Լևոն Զուրաբյանն էլ երիտասարդ է ու գիտի, որ ստում է։



