Հինգշաբթի երեկոյան Ղրիմի բռնակցված Թեոդոսիայում այրվող նավթի պահեստում եւս մեկ ռեզերվուար է պայթել։ Սոցցանցերի օգտատերերը կրակի հզոր սյունի մի քանի տեսանյութեր ու լուսանկարներ են տարածում։
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը հայտարարել է, որ Թեոդոսիայում «հրդեհի պատճառով տերմինալներից մեկում դյուրավառ նյութերի արտանետում է տեղի ունեցել»։
Ակսենովը Telegram-ի իր ալիքում ասել է, որ բազան շրջապատված է «մասնագիտացված ծառայությունների աշխատակիցներով», և որ տարհանման գոտին չի ավելանա։
Ռուսաստանի իշխանությունները նախօրեին հայտնել էին, որ բազայի շրջակա տարածքից տարհանվել է 1137 մարդ։
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հոկտեմբերի 7-ի գիշերը հարվածել են Թեոդոսիայի ծովային նավթային տերմինալին։
Տերմինալն ուներ տարբեր չափերի ավելի քան 30 ռեզերվուար: Դատելով հարձակման հաջորդ օրը հրապարակված արբանյակային պատկերներից, դրանցից առնվազն երեք-չորսն այդ պահին այրվում էին, դժվար էր ճշգրիտ թիվը որոշել՝ սև ծխի սյուների պատճառով։



