
Գազայի հատվածում ՑԱՀԱԼ-ի հարվածների, Գազա քաղաքն օկուպացնելու ծրագրերի և պաղեստինցիների շրջանում զոհերի թվի աճի ֆոնին Թել Ավիվում և իսրայելական այլ բնակավայրերում զանգվածային ցույցեր են: Քաղաքացիները արգելափակել են մի շարք ավտոճանապարհներ, այրել անվադողներ: Ակցիայի մասնակիցները, այդ թվում՝ Գազայի հատվածում պահվող գերիների ընտանիքները, պահանջում են իշխանությունից համաձայնության գալ ՀԱՄԱՍ-ի հետ, դադարեցնել պատերազմը և վերադարձնել պատանդներին: Այժմ հայտնի է, որ Գազայում մնացել է 50 պատանդ, ըստ Իսրայելի՝ ողջ է միայն 20-ը:
Ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են եղել, որոշ քաղաքացիներ հեռացվել են ակցիայի անցկացման վայրերից: Ցուցարարները պատանդների լուսանկարներով Իսրայելի մեծ դրոշ են տեղակայել նաև Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատան առաջ։
Ավելի վաղ, խոսելով Գազայի հատվածում իրավիճակից, Թրամփը կարծիք է հայտնել, թե հակամարտությունը «համոզիչ ավարտ» կստանա առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Հարցին՝ արդյոք տեղյա՞կ է, որ իսրայելական ուժերը հարվածել են Գազայի հիվանդանոցներից մեկին, ինչի հետևանքով մի քանի տասնյակ մարդ է վիրավորվել և զոհվել, այդ թվում՝ լրագրողներ, Թրամփը պատասխանել է՝ գոհ չէ, որ նման բան է տեղի ունեցել: «Այնուհանդերձ, ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդները պետք է վերադարձվեն»,- նշել է ԱՄՆ նախագահը: