Տեխնիկական համալրում՝ Ջրային պարեկային ծառայո...

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Լիտվայի ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությունն այցելել են Սևանա լիճ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունը, ջրային պարեկային ծառայության և Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողները ներկայացրել են ծառայությունների տեխնիկական հագեցվածությունը, ցուցադրել են ժամանակակից տեխնիկական սարքերն ու միջոցները, այդ թվում՝ առաջին բուժօգնության համար նախատեսված պարագաները։

Ներկաները հետևել են Սևանա լճում ծառայողների ցուցադրական հնարքներին՝ արտակարգ իրավիճակներում արձագանքման արագությանն ու մասնագիտական հմտություններին։

Համագործակցության շրջանակում Լիտվայի ՆԳ նախարարության կողմից Ջրային պարեկային ծառայությանն է տրամադրվել մոտորանավակ, որով ծառայողները կիրականացնեն Սևանա լճում և ափամերձ տարածքներում հասարակական անվտանգության ապահովման և հանցագործությունների բացահայտման աշխատանքներ։