Թեհրանը Վաշինգտոնին հակամարտության կարգավորման նոր առաջարկ է փոխանցել, որը նախատեսում է ամերիկյան շրջափակման վերացում, Հորմուզի նեղուցի բացում և հետագա անցում Իրանի միջուկային ծրագրի քննարկմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Axios պորտալին:
Պորտալի տվյալներով՝ Իրանի ներկայացուցիչները նոր առաջարկը ամերիկյան կողմին են փոխանցել Պակիստանում միջնորդների միջոցով։
«Նոր առաջարկն ուղղված է բանակցություններում ներկայիս փակուղային իրավիճակի և միջուկային զիջումների մասշտաբների վերաբերյալ տարաձայնությունների հաղթահարմանը, որոնց իրանական ղեկավարությունը պատրաստ է գնալ՝ Թրամփի վարչակազմի հետ գործարքի հասնելու համար»,- գրում է պորտալը։
Ինչպես տեղեկացնում է պորտալը, Իրանի առաջարկը կենտրոնացված է առաջին հերթին Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամի և ամերիկյան շրջափակման կարգավորման վրա։ Ենթադրվում է, որ կողմերը պետք է երկարաձգեն հրադադարի ռեժիմը տևական ժամանակահատվածով կամ համաձայնեն պատերազմի մշտական դադարեցմանը։
«Ըստ առաջարկի՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կսկսվեն միայն ավելի ուշ փուլում, այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցը կբացվի, իսկ շրջափակումը՝ կվերացվի»,- նշում է Axios-ը։
Նրա տվյալներով՝ Թրամփը ապրիլի 27-ին մտադիր է անցկացնել իր կաբինետի նիստը՝ քննարկելու Իրանի հետ բանակցություններում ստեղծված անելանելի դրությունը և պատերազմում հաջորդ քայլերի հնարավոր տարբերակները։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը ապրիլի 25-ին հայտարարել էր, որ իր բանակցողների՝ իրանական կողմի հետ հանդիպելու նպատակով Պակիստան նախատեսված այցի չեղարկումից հետո Վաշինգտոնը Թեհրանից նոր առաջարկ է ստացել։ Ավելի վաղ նա հայտնել էր իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Պակիստան ուղևորության չեղարկման մասին՝ հայտարարելով, որ իր երկիրը պատրաստ է Իրանի հետ բանակցություններ վարել հեռախոսով։



