Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը Պեկինին կոչ է արել օգտագործել իր հնարավորություններն ու ներուժը՝ Իսրայելի և Գազայի հատվածի միջև պատերազմը դադարեցնելու համար։
Իր չինացի գործընկեր Վան Իի հետ զրույցում Ամիր-Աբդոլհյանը մատնանշել է Իսրայելի կողմից Գազայի հատվածում շարունակվող պատերազմը և այն անվանել հրատապ խնդիր, որը պետք է լուծի միջազգային հանրությունը։ «Իրավիճակը տարածաշրջանում շատ զգայուն է, և այժմ անմիջական առաջնահերթությունը Գազայում կանանց, երեխաների և խաղաղ բնակիչների դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումներն ու հանցագործությունները դադարեցնելն է»,- ասել է Իրանի նախարարը՝ հավելելով, որ «հնարավորություն կա, որ իրավիճակը ցանկացած պահի դուրս կգա վերահսկողությունից»։
«Եթե սիոնիստների հանցագործությունները չդադարեն, և Գազայի քաղաքացիների վրա ներկայիս հանցավոր հարձակումները չդադարեն, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ճգնաժամի մասշտաբները չեն ընդլայնվի», - նախազգուշացրել է Ամիր Աբդոլլահյանը, հաղորդում է Mehr-ը։
Վան Ին, իր հերթին, ասել է, որ միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի ցանկացած կողմի գործողություններին դիմակայելու համար, որը վնաս է հասցնում խաղաղ բնակչությանը։ «Պաղեստինա-իսրայելական իրավիճակի հիմնական պատճառն այն է, որ Պաղեստինի ժողովրդի պետականության իրավունքը երկար ժամանակ մերժվել է»,- ասել է Վան Ին:
Ավելին, ըստ Իրանի ԱԳՆ-ի, չինացի դիվանագետն ասել է. «Միջազգային հանրությունը պետք է ընդդիմանա խաղաղ բնակչության վրա հարձակումներին, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը և կատարի իր ներհատուկ դերը»: Նա «անընդունելի է համարել Գազայի բնակիչների հավաքական պատիժը և ընդգծել մարդասիրական օգնության միջանցքի ստեղծման անհրաժեշտությունը»։