
Թեհրանը կարող է ապագայում քննարկել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հարցը, բայց առայժմ պատրաստ չէ դրան։ Ներկայում Իրանը պատրաստ է միջնորդների միջոցով բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Fox News-ին տված հարցազրույցում։
Լրագրողը նրան հարց է ուղղել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններին պատրաստ լինելու մասին՝ տարածաշրջանային մեծ լարվածությունն ապաէսկալացնելու համար։
«Մենք պատրաստ ենք բանակցությունների։ Այս պահին՝ ոչ ուղիղ։ Եթե նրանք ցանկանան փոխշահավետ լուծում, ես պատրաստ եմ շփվել նրանց հետ։ Նկատի ունեմ, որ մենք պատրաստ ենք ձեռնարկել վստահության կառուցմանն ուղղված ցանկացած միջոց, որն անհրաժեշտ է՝ ապացուցելու, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ է և միշտ կմնա խաղաղ, և Իրանը երբեք չի ստեղծի միջուկային զենք։ Եվ դրա դիմաց մենք ակնկալում ենք, որ նրանք չեղարկեն պատժամիջոցները», - ասել է Արաղչին։
Նա հավելել է, որ Թեհրանը նախընտրում է անուղղակի բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի վրա։
Արաղչիի խոսքով՝ Իրանի միջուկային ծրագիրն ունի բանակցային լուծում, Իրանը դա արել է 2015 թվականին՝ ստորագրելով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), և պատրաստ է դա անել ևս մեկ անգամ։
Իր հերթին, Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հուլիսի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է Թեհրանի հետ բանակցությունների, եթե դա անհրաժեշտ համարի։
Ապրիլի 12-ից ի վեր Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հինգ փուլ է անցկացվել, որոնց միջնորդի դերում հանդես է եկել Օմանը։ Միջուկային ծրագիրը քննարկելու հերթական հանդիպումը չեղարկվել է Իրանին Իսրայելի հարվածների պատճառով, որոնց հայտարարված նպատակը Իրանի միջուկային ծրագրի ոչնչացումն էր։ Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածել է Իրանի երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի, որից հետո հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագիրը ոչնչացված է։