Իրանի արտգործնախարարությունը հերքել է Ադրբեջանի մեղադրանքները՝ կապված ադրբեջանական տարածքում կրոնական պետություն ստեղծելու նպատակով իրանական հատուկ ծառայությունների կողմից ադրբեջանցիների հավաքագրման հետ։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, նման հայտարարություն է արել Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
«Ցավոք, Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը իրանական կազմակերպությունների հետ կապված կեղծ մեղադրանքներով ձերբակալում է սեփական քաղաքացիներին: Մենք հերքում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ այդ անձանց պաշտոնական կամ ոչ պաշտոնական կապի մասին պնդումները։ Մեր երկու պետությունների քաղաքացիների միջև կապերը պատմական, կրոնական և նույնիսկ ազգակցական բնույթ են կրում, և Ադրբեջանի կառավարությունը չպետք է ոչնչացնի դրանք», - Քանաանիի խոսքերն է մեջբերել Իրանի ԱԳՆ-ն իր Telegram ալիքում:
Քանաանին հավելել է, որ «օրինախախտներին բռնելը բոլոր կառավարությունների բնական իրավունքն է, սակայն անընդունելի է քաղաքացիների կալանավորումը՝ Իրանի հետ նրանց կապերից ելնելով»:
Ավելի վաղ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը, ՆԳՆ-ն և Գլխավոր դատախազությունը հայտնել էին, որ բացահայտվել են հանրապետության մի խումբ քաղաքացիներ, որոնք, իբր, հավաքագրվել էին Իրանի հատուկ ծառայությունների կողմից և ծրագրում էին երկրում կրոնական պետություն ստեղծել։ Հաղորդվում էր, որ կազմակերպության ղեկավարները, ենթադրաբար, կազմել են պաշտոնյաների և հասարակական գործիչների ցուցակ, որոնց հարկավոր էր սպանել, և հանձնել էին այն խմբի անդամներին՝ «նրանց հանձնարարելով ձեռք բերել հրազեն և մոլոտովի կոկտեյլներ պատրաստել»։ Գործողությունների ընթացքում ձերբակալվել էին «Գիսաս 313» («Վրեժ 313») կոչվող խմբի 7 անդամներ և այլ անձինք: