Թեհրանում հայտնել են, որ Իրանն ու Ադրբեջանը հ...

Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին հայտնել է, որ Իրանն ու Ադրբեջանը հունվարի կեսերին համատեղ տնտեսական հանձնաժողով կստեղծեն, հաղորդում է «Իռնա» գործակալությունը:

«Ադրբեջանի հանրապետության տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաեւը ժամանել է Թեհրան: Թեհրան են ժամանել նաեւ մի շարք բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաներ, այդ թվում էներգետիկայի նախարարն ու էկոնոմիկայի նախարարի տեղակալն ու մի շարք այլ տեղակալներ տարբեր նախարարություններից»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ «նոր պայմաններ են ստեղծվել տարածաշրջանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունից հետո, եւ այդ պայմանների կառավարումը տարբեր հարցերի շուրջ երկխոսություն է պահանջում»:

«Ձեռքբերված համաձայնությունների համաձայն՝ 3 շաբաթ անց Թեհրանում համատեղ տնտեսական հանձնաժողով կստեղծվի, որը կգլխավորի էկոնոմիայի եւ ֆինանսների նախարարը, իսկ տարբեր գերատեսչություններ կհամագործակցեն այդ ոլորտներում»,-ընդգծել է Վայեզին: