Իրանը չի պատրաստվում համաձայնել հրադադարի որևէ առաջարկի, պաշտոնական Թեհրանի համար ընդունելի միակ տարբերակը պատերազմն ամբողջությամբ դադարեցնելն է։ Այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Կան շատ բարեկամական երկրներ, որոնք գաղափարներ են ներկայացրել ու իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ դերակատարում ունենալ խաղաղության հաստատման գործում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր բարեկամներին, ովքեր ջանք են գործադրում այս ուղղությամբ։
Սակայն մեր դիրքորոշումը հետևյալն է. մենք չենք ընդունում հրադադար։ Այդուհանդերձ, եթե կա գաղափար պատերազմի ավարտի վերաբերյալ՝ այնպես, որ բավարարվեն մեր նախապայմանները, որպեսզի պատերազմն ավարտվի ամբողջ տարածաշրջանում և փոխհատուցվի Իրանին պատճառված վնասը, մենք, անշուշտ, պատրաստ ենք դրանք լսել»,- ասել է նա։
Արաղչին հայտարարել է, որ Իրանը չի ակնկալում հաստատել հրադադար, քանի որ չի ցանկանում, որ որոշ ժամանակ անց նույն սցենարը կրկնվի։ «Մենք ցանկանում ենք, որ պատերազմն ավարտվի ամբողջությամբ ու ընդմիշտ՝ ամբողջ տարածաշրջանում»,- հայտարարել է նա։
Լրագրողի դիտարկմանը՝ արդյոք Չինաստանը կարող է միջնորդ դառնալ պատերազմի դադարեցման գործում՝ ԱԳ նախարարը նկատել է, որ նման դերակատարում կարող են ունենալ մի քանի երկիր, և Չինաստանը դրանց շարքում է։
«Չինաստանը դրական ու հաջող դեր ունեցավ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև միջնորդական ջանքերում։ Չինաստանը, վստահաբար, ունի լայն կարողություններ։ Այդ երկրի կողքին կան նման կարողություններով այլ երկրներ ևս»,- նշել է նախարարը՝ կրկնելով, որ իրանական կողմը պատրաստ է լսել ցանկացած գաղափար, որը համապատասխանում է պաշտոնական Թեհրանի պահանջներին։
Դիմելով ամերիկացիներին՝ Արաղչին հայտարարել է, որ սա ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ Իրանի պատերազմն է։ «Սա Իսրայելի պատերազմն է, որը ստեղծվել է իսրայելական շահերից ելնելով։ Սակայն դրա համար մեծ արժեք են վճարում Իրանի, տարածաշրջանի և ԱՄՆ ժողովուրդները։ Թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային կորուստներից տուժում են հասարակ մարդիկ։ Այս ամենին պետք է վերջ տրվի»,- ասել է նա։



