Թե՛ իրավապահները, թե՛ մարզպետարանը պետք է հստ...

Այսօր՝ հունիսի 7-ին, ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց լիազորությունները։ Կատարված առերևույթ հանցադեպերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի հունիսի 6-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով։

Հետաքրքրականն այն է, որ հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում անցկացվելու են քաղաքապետի ընտրություններ։ Հիմնական մրցակիցներ են համարվում գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանն ու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մտերիմ Գրիգոր Գուլյանը, որն իշխանության թեկնածուն է։ Քարոզարշավի վերջին օրով այս տեսակ հայտարարություն տարածելը տարակուսանք է առաջացնում։

Politik.am-ը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ, ընտրական գործընթացների փորձագետ Դանիել Իոաննիսյանից փորձեց մեկնաբանություն ստանալ, թե հաշվի առնելով թեկնածուներից մեկի՝ «Իմ քայլի»-ի կողմից առաջադրված լինելու հանգամանքը՝  արդյո՞ք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն ԱԱԾ մամուլի ծառայության տարածած հայտարությունը չի կարող իր ազդեցությունն ունենալ ընտրողների ձայների վրա:

Ըստ Իոաննիսյանի`Աբովյանում կամ որևիցե այլ համայնքում խոշոր կոռուպցիոն բացահայտումներից նա արդեն վաղուց չի զարմանում, բայց կարծում է, որ թե՛ իրավապահները, թե՛ մարզպետարանը պետք է հստակ ասեն, թե ինչո՞ւ այդ բացահայտումներն արվեցին նախընտրական փուլում, և պետք է հիմնավորվի, թե ինչո՞ւ են դրանք արվել հենց այս փուլում, որպեսզի հասարակության մոտ կարծիք չստեղծվի, որ սա ընդամենն ընտրությունների մասնակիցներից մեկին մրցապայքարից հանելու միջոց է։