Վերջապես ավարտին է մոտենում 2020 թվականը, որը կարելի է համարել ինչպես աշխարհի, այնպես էլ Հայաստանի համար ամենածանր ու դաժան տարիներից մեկը, երբ գրեթե ամբողջ տարվա ընթացքում ինչպես ողջ մարդկությունը, այնպես էլ մենք մարդկության հետ մեկտեղ, ենթարկվեցինք բավականին բարդ, հաճախ անելանելիության ու հուսահատության զգացումների առիթ տվող փորձությունների։ Թե աշխարհի եւ թե Հայաստանի համար տարվա ամենածանր մարտահրավերը կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկումն էր, որը արդեն մարտ ամսին վերածվեց համավարակի։ Գարունը, կարելի է ասել, անցավ գրեթե «մեռելային» լռության մեջ։ Աշխարհը լոքդաունի մեջ էր, մենք նույնպես։
Սակայն եթե աշխարհում ճիշտ ժամանակին հասկացան պատուհասած սպառնալիքը, Հայաստանում իշխող թիմը իր նախաձեռնած ներքաղաքական կլոունադայի սիրուն նախ փորձեց ժեխին կերակրել կորոնավիրուսը թթի օղիով ու պինծեթով հաղթահարելու թեզերով, իսկ երբ արդեն «բանը բանից անցավ»՝ սկսվեց դիմակակրության արշավը, որը մի պահ վերածվեց արդեն տուգանքի արշավի։ Այս մռայլության մեջ աչքի ընկավ իշխող ընտանիքի չափազանց անակնկալ կորոնայով վարակվելն ու չափազանց կարճ ժամանակում ապաքինվելը, տարատեսակ կասկածների տեղիք տալով։ Կասկածները խորացան, երբ Փաշինյանը չմեկնեց Մոսկվա՝ Հաղթանակի շքրեթին մասնակցելու։ Ասում են, որ վախեցավ, որ կբացահայտվի իր հիվանդանալու մասին ավանտյուրան։
Մինչ աշխարհը ցնցվում է Ղասեմ Սոլեյմանիի, Մոհսեն Ֆահիրզադեի սպանություններից, Բելառուսում նախագահական ընտրություններից հետո սկսված պրոցեսներից, եւ էլի հազար ու մի իրադարձություններից, Հայաստանում հիմնական քննարկումները մինչեւ սեպտեմբերի վերջ Փաշինյանական կլանի ծխախոտի, ադամանդների ու զենքի անօրինական առեւտրի հետ կապված լուրերի շուրջ էին պտտվում ու նույնիսկ ժամանակ չուներ իշխանությունը կտրվելու իր ժեխին կերակրելուց եւ ուշադրություն դարձնելու համար Նախիջեւանում ամռանը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական զորավարժությունների վտանգների վրա։
Ամառն իհարկե, աշխարհը մի փոքր շունչ քաշեց, Հայաստանը նույնպես, սակայն սեպտեմբերի վերջին սկսված պատերազմը Ղարաբաղում, եղավ այս տարվա, ու նաեւ առաջիկա տասնամյակների համար մեր ամենամեծ փորձությունը։ Արդյունքում իշխանությունների ոչ խելամիտ քաղաքականության արդյունքում ունեցանք այն, ինչ իրականության մեջ որ ապրում ենք հիմա։ Իսկ աշխարհում տեղի ունեցան 2020-ին՝ Բրեքսիտը, Ռուսաստանում կառավարության փոփոխությունը, Թեհրանի ավիաաղետը, հակառասիստական ցույցերը, ԱՄՆ նախագահական ընտրությունները, Բեյրութի պայթյունը, առաջին հակակորոնավիրուսային վակցիանյի գրանցումը, Նավալնու թունավորումը, Վրաստանի պառլամենտական ընտրությունները, Թուրքիայում ԿԲ նախագահի եւ Ֆինանսների նախարարի փոփոխությունները, Լիբիական հրադադարը եւ այլ իրադարձություններ։



