Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում գտնվող «Liberty Bank»-ի գլխավոր գրասենյակում հրդեհ է տեղի ունեցել. բռնկումը սկսվել է շենքի վերելակի հորանում, տուժածներ չկան, հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պետ Թեմուր Մգեբրիշվիլին, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
Տեղում մոբիլիզացվել է 20 հրշեջ-փրկարարական բրիգադ։ Հրշեջներին հաջողվել է օպերատիվ կերպով մարել կրակը, ինչի շնորհիվ այն չի տարածվել գրասենյակի ներքին տարածքներում։
«Բռնկումը տեղի է ունեցել բեռնատար վերելակի հորանում։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Հրդեհը հաջողությամբ մարվել է»,- հայտարարել է Մգեբրիշվիլին։
Բանկի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ բանկի գործունեությանը ոչինչ չի սպառնում, հաճախորդների սպասարկման գործընթացը կշարունակվի բնականոն հունով։



