Թայվանի կառավարությունը որոշել է ամբողջ կազմո...

Թայվանի գործադիր յուանը (գործադիր իշխանության բարձրագույն մարմին) իր նիստում հավանություն է տվել ամբողջ կազմով հրաժարականի որոշմանը։ Ինչպես տեղեկացրել է կղզու կենտրոնական տեղեկատվական գործակալությունը, որոշումն ընդունվել է առավոտյան նիստում, տեղի ունեցած ընտրությունների եւ օրենսդիր յուանի (խորհրդարանի) նոր կազմի ձեւավորման պատճառով։

Հրաժարականի պաշտոնական խնդրանքը կփոխանցվի Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենին ճաշից հետո։

Ինչպես նշել է գործակալությունը, կառավարությունը պետք է հրաժարական տա մինչեւ խորհրդարանի նոր կազմի առաջին նիստը, որը տեղի է ունենալու փետրվարի 1-ին։

Հունվարի 13-ին Թայվանում տեղի են ունեցել վարչակազմի ղեկավարի եւ օրենսդիր յուանի պատգամավորների ընտրություններ։ Կղզու նոր ղեկավարի պաշտոնի համար պայքարում հաղթանակ է տարել վարչակազմի ղեկավարի գործող տեղակալ, Թայվանի Դեմոկրատական առաջադեմ կուսակցության (ԴԱԿ) ներկայացուցիչ Լայ Ցինդեն, որը հավաքել է ընտրողների ձայների 40,05 տոկոսը։ Նա պաշտոնը կստանձնի մայիսին։

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարող կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը. 52 տեղ բաժին է ընկել Գոմինդան կուսակցությանը, 51՝ ԴԱԿ-ին, 8 տեղ՝ Թայվանի ժողովրդական կուսակցությանը։ Եվս երկու մանդատ ստացել են երկու անկախ թեկնածուներ։ Միապալատ խորհրդարանն ունի 113 պատգամավոր։