Երեկ տեղեկություններ ստացանք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Անանյանը և 2016 թվականին Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող, ՀՀԿ առաջադրմամբ ՄԻՊ ընտրված Արման Թաթոյանը կուսակցություն են հիմնում։
Տեղեկությունները ստուգման փուլում էին, երբ հրապարակվեց հաղորդագրություն, ըստ որի Արման Թաթոյանի և Դավիթ Անանյանի բիզնես ընկերությունները համագործակցության հուշագիր են ստորագրել․ «Այսօր «Թաթոյան և գործընկերներ փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ և «Դի-Էս-Էյ խորհրդատվական խումբ» ՓԲԸ միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որով, ըստ էության, ազդարարվեց համապարփակ համագործակցության մեկնարկը։
Ֆինանսական և իրավաբանական խորհրդատվական ծառայությունների ողջ շրջանակն իրենց հաճախորդներին առաջարկելու և միասնական թիմով հանդես գալու ցանկությունն ու մտադրությունը հիմնված է երկու ընկերությունների միջև ձևավորված փոխվստահության, ինչպես նաև համատեղ կառուցողական փոխգործակցությամբ որակյալ և արժեքավոր ծառայություններ մատուցելու պատրաստակամության և շահագրգռվածության վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Փաստորեն Դավիթ Անանյանն ու Արման Թաթոյանը որոշել են համատեղ քաղաքական կարիերա սկսելուց առաջ միավորել բիզնեսները։ Սա միավորման տեսանկյունից արդյունավետ քայլ է, քանի որ ոչինչ այնպես չի կարող միավորել, ինչպես ընդհանուր փողը։
Ի դեպ, կան տեղեկություններ, որ Արման Թաթոյանի համար ակտիվորեն աշխատում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։



