Տարեկան 150 մլն դոլար Աննա Հակոբյանի մտերիմի՞...

Այսօրվանից Հայաստանի շուկայում կաթնամթերքի բոլոր տեսակները թանկանալու են առնվազն 20 դրամով։ Մատակարարները արդեն բարձրացրել են գները։

Պատճառն այն է, որ հոկտեմբերի 1-ից ամբողջ կաթնամթերքը պետք է պարտադիր նշվի QR կոդերով։ Ըստ պաշտոնական բացատրության՝ սա արվում է ստվերային տնտեսության դեմ պայքարի նպատակով, սակայն բիզնես շրջանակներում այն որակվում է որպես լուրջ բյուրոկրատական խոչընդոտ։

Ըստ Լևոն Խալաթյանի՝ յուրաքանչյուր կաթի կամ սմետանի միավորի վրա գնորդը հավելյալ կվճարի 7․2 դրամ՝ ուղղակիորեն այն ընկերությանը, որը շահել է QR կոդերի տենդերը։ Խոսքը վերաբերում է ՄԻքայել Փաշայանին, ով նախկինում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ մաքսայինում և հարկայինում։ Նրա հիմնադրած ընկերությունը ոչ միայն կազմակերպել է տենդերը, այլ նաև մասնակցել ու հաղթել դրանում՝ ապահովելով մենաշնորհային դիրք։

Նախագիծը, ըստ քննադատների, տարեկան ապահովում է 100-150 մլն դոլարի եկամուտ ոչ թե պետական բյուջեին, այլ հենց Փաշայանին։ «Եթե սա կոռուպցիա չէ, ապա ինչ է»,– ընդգծում է Խալաթյանը։

Նրա խոսքով՝ սա հերթական բիզնես-սխեման է, որի պայմաններում քաղաքացիներն ու գործարարները հարկադրված են վճարել նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հարստացման համար։ Նա նաև համոզված է, որ գործող իշխանությունները լիովին տեղյակ են այս գործընթացից և շահագրգռված են դրանում։

Խալաթյանը զգուշացնում է, որ հաջորդ քայլը լինելու է ոչ միայն կաթնամթերքի, այլև դեղերի ու պահածոների պարտադիր QR կոդավորում, ինչը նոր բեռ է դառնալու բիզնեսի և հասարակության վրա։

Միքայել Փաշայանը ՊԵԿ-ի հնաբանակներից է և դեռ 2014 թվականից բարձր պաշտոններ է զբաղեցրել։ Politik.am-ի տեղեկություններով իշխանափոխությունից հետո Միքայել Փաշայանը կարողացել է պահպանել իր դիրքերը, քանի որ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը լավ աչքով է նայել նրան և ըստ որոշ տեղեկությունների նրանք մտերիմ են։ 

Փաշայանի հետ ջերմ հարաբերությունների մասին տեղեկությունների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Աննա Հակոբյանից, բայց մեր փորձերն ապարդյուն անցան։