Քննչական կոմիտեի առջև այսօր՝ ապրիլի 22-ին, միջադեպ տեղի ունեցավ «Քառյակ մեդիա»-ի համասեփականատերերից Արման Սաղաթելյանի և ոստիկանների միջև։ Արման Սաղաթելյանը և մի խումբ քաղաքացիներ պահանջում էին, որ Քննչական կոմիտեն մոտ կանգնած ոստիկանները, որոնք չունեն համապատասխան տարբերանշաններ կամ կրծքանշաններ, կամ կրեն դրանք կամ հեռանան։
«Տարբերանշանը չկա, ես չգիտեմ, թե այս մարդը ով է, պարոն փոխգնդապետ։ Դուք անընդհատ արհամարհում եք քաղաքացիների և լրատվամիջոցների մատնանշած խնդիրը։ Ես կարող է հանգիստ չկանգնեմ և ձեր ոստիկաններն ինձ բերման ենթարկեն, ես պարտավոր եմ իմանալ՝ ով է անում դա։ Հեռացրեք տարածքից առանց տարբերանշանների, առանց կրծքանշանների բոլոր ոստիկաններին, իրենք ոստիկան չեն։ Կամ պարտադրեք, որ այդ ոստիկանները փակցնեն իրենց տարբերանշանները կամ նարյադից հանեք այդ ոստիկաններին»,- պահանջեց Արման Սաղաթելյանը։



