Տափերականում պահվող 15-րդ դարի Ավետարանի գողո...

Արարատի մարզի Տափերական համայնքում անհայտ անձինք հափշտակել են 15-րդ դարի Ավետարան ձեռագիրը։ 

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացրին, որ 2025 թվականի դեկտեմբերի  7-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (գողություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով)։ 

«Նախաքննությունը շարունակվում է»,- ասացին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝անհանգստություն հայտնելով միջադեպի և մշակութային արժեքների պահպանության խնդրի վերաբերյալ։

«Խորը մտահոգությամբ տեղեկացանք, որ անհայտ անձինք հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը։ Այս փաստը հրամայական է դարձնում մասնավոր անհատների և համայնքային եկեղեցական հաստատությունների կացարաններում առանց պատշաճ պահպանման պայմանների ձեռագրերի առկայության խնդրի կարգավորումը»,-ասված է հայտարարությունում։

Մատենադարանի տնօրինությունը հիշեցրել է, որ բազմիցս առաջարկել է նմանատիպ մատյաններն ընդունել որպես նվիրատվություն կամ վերցնել ժամանակավոր պահպանության՝ ապահովելով սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը։ 

«Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ մասնավոր կամ համայնքային պատկանելության ձեռագիր մատյանների պատշաճ պահպանության համար տրամադրել Մատենադարանի նյութական և մասնագիտական կարողությունները»,- նշվում է հաղորդագրությունում։

Մատենադարանը ցավալի է համարում, որ «Մատյանների տունդարձը» արշավի շրջանակում աշխարհի տարբեր աճուրդներից և մասնավոր հավաքածուներից Հայաստան վերադարձվող արժեքների ֆոնին երկրի ներսում դեռ արձանագրվում են նման գողություններ։ 

«Այս ոլորտում Մատենադարանի հետ համագործակցությունը քաղաքացիական հասունության և պատասխանատվության ցուցիչ է»,- նշվում է տնօրինության հայտարարության մեջ։