Օհանյանին մեղադրում են, որ բոլոր տանկերը տեղ չեն հասել: Ի՞նչ պիտի աներ, տանկերը շալակեր, տանե՞ր: Տանկ է, փչացել է, ի՞նչ անենք: Դեպքից (պատերազմից) վեց ամիս առաջ կամ մի քիչ ավելի շուտ զորամասը ստանում է գրություն պաշտպանության զարգացման ծառայությունից, որ տանկերը և տեխնիկան՝ նաև ԲՄՊ-ները, չօգտագործեն ուսումնական պարապմունքների ժամանակ, այսինքն՝ խոդ չտան, քանի որ մեջի յուղը անորակ է, գրավոր ստանում է կարգադրություն: Այս մասին «Լելե Թեփե»-ի գործով դատական նիստի ժամանակ ասել է մեղադրյալներից մեկի՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի որդու՝ գնդապետ Արթուր Օհանյանի պաշտպանը:
Նա նշել է, որ այդ ամենի համար մեղադրյալը պատասխանատու չէ:
«Ի՞նչ պիտի աներ Օհանյանը, գնար, իր գրպանից կամ չգիտեմ որտեղից ավելի որակով յուղ ճարեր, բերե՞ր», - ասել է պաշտպանը:
Նա նաև անդրադարձել է այն մեղադրանքին, թե Օհանյանը չի կատարել մարտական առաջադրանքը, այնինչ, ըստ պաշտպանի, նա մարտի է մտել հակառակորդի մեծածավալ ուժերի դեմ, ստացել վիրավորում, որի զեկուցումից հետո տեղափոխվել է հոսպիտալ և մարտական առաջադրանքի հրամանատարությունը փոխանցվել է Արթուր Օհանյանի տեղակալին:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ N զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ Ա.Օ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, դրանք կատարել է ոչ պատշաճ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:



