Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը Դուշանբեում բացել է ԱՊՀ գագաթաժողովը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք միշտ ուրախ ենք մեր երկրում ողջունել ընկերներին եւ գործընկերներին, որոնց հետ կիսում ենք ընդհանուր շահեր եւ համագործակցության զարգացման ձգտումներ... Մաղթում եմ Ձեզ հաճելի ժամանց Դուշանբեում, իսկ մեզ բոլորիս՝ արդյունավետ քննարկումներ եւ կառուցողական որոշումներ։ ԱՊՀ պետությունների ղեկավարների այս հերթական հանդիպումը ես հայտարարում եմ բացված»,- ասել է Տաջիկստանի ղեկավարը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի սահմանափակ նիստում ունեցած ողջույնի խոսքում։
Ռահմոնը բացատրել է, որ ԱՊՀ-ում իր նախագահության մեկ տարվա ընթացքում իր երկիրը, անդամ պետությունների եւ Գործադիր կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ, շարունակել է համապարփակ աշխատանքը՝ նպատակներն արդյունավետորեն իրականացնելու համար։ «Կազմակերպվել են տարբեր մակարդակների եւ ձեւաչափերի տասնյակ միջոցառումներ։ Առաջնահերթություն է տրվել կազմակերպության գործունեության կատարելագործմանը։ Շարունակվել են աշխատանքները առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման, տրանսպորտի, լոգիստիկ կապի եւ թվային ինտեգրման զարգացման ուղղությամբ»,- ավելացրել է նա։ Իր հայտարարությունից հետո Տաջիկստանի նախագահը խնդրել է մամուլին լքել նիստերի դահլիճը. բանակցությունները կշարունակվեն դռնփակ։



