Պարոն Ռուբինյան, ձեր այսօրվա բարեկրթությունը...

Հայաստանից մեկնած ադրբեջանցիների 99 տոկոսը այստեղ իրենց տուն ասվածը փոխանակել են հայերի տների հետ, մինչդեռ հայերի բացարձակ մեծ մասը զրկվել է ամեն ինչից: Այս մասին Ազգային ժողովի 2026թ. հոկտեմբերի 6-ի նիստում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Պարոն Ռուբինյան, ձեր այսօրվա բարեկրթությունը կտրեմ փաստերով, որ Ալիևը շատ չոգևորվի։

Սովետական Միությունում վերջին մարդահամարը անցկացվել է 1989 թվականին։ Այդ ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև բնակչության տեղաշարժեր էին գրանցվել։ Այնպես որ, ավելի ճշգրիտ պատկեր ունենալու համար հարկ է հենվել 1979 թվականի համամիութենական մարդահամարի տվյալների վրա։

Ի՞նչ են ասում թիվ-փաստերը։

Հայաստանում ապրում էր 160.841 ադրբեջանցի՝ ընդհանուր բնակչության 5.3 տոկոսը։ Ադրբեջանցիների 84.5 տոկոսը բնակվում էր գյուղական վայրերում՝ հիմնականում սահմանամերձ կամ խառը բնակեցված գոտիներում։ Որոշ թվով ադրբեջանցիներ կային Արարատի, Վարդենիսի, Մասիսի, Կապանի, Նոյեմբերյանի, Իջևանի, Ղուկասյանի, Ամասիայի տարածքներում։ Երևանում ադրբեջանցիների թիվը խիստ փոքր էր՝ ընդամենը 0.7 տոկոս։

Նույն թվականին հայերի թիվը Ադրբեջանում՝ 475.486 էր։ Համեմատեք՝ 160.000 և 475.000։ Հայերը Ադրբեջանի բնակչության 7.9 տոկոսն էին։ Միայն մայրաքաղաք Բաքվում 215,807 հայ էր ապրում՝ 14.1 տոկոս։ Խոշոր հայկական համայնք կար Կիրովաբադ-Գանձակում, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում 125.000 հայ էր ապրում՝ մարզի բնակչության 75 տոկոսը։ Նաև՝ Սումգայիթում, Նախիջևանում, Շահումյանում, Շամխորի, Խանլարի, Դաշքեսանի շրջաններում։

Միջանկյալ նշեմ, որ այդ ժամանակ Հայաստանի բնակչության ընդհանուր թիվը 3,037,159 էր, Ադրբեջանինը՝ 6,026,515։ Այժմ Հայաստանում՝ մոտ 3 միլիոն, Ադրբեջանում՝ ըստ իրենց, 10 միլիոն։ Այս է պատկերը։ Եվ երբ այսօր Ադրբեջանը խոսում է իրենց՝ մեծ չակերտների մեջ հարազատ օջախներ վերադառնալու 300,000-ի մասին, մենք էլ խոսում ենք, պետք է խոսենք նույն կարգավիճակն ունեցող առնվազն 700,000-ի մասին։

Մի բան էլ՝ Հայաստանից մեկնած ադրբեջանցիների 99 տոկոսը այստեղ իրենց տուն ասվածը փոխանակել են հայերի տների հետ, մինչդեռ հայերի բացարձակ մեծ մասը զրկվել է ամեն ինչից։ Սա ևս կարող է պահանջ լինել։ Բայց ունենք այս իշխանությունը ու այս նվաստացման քաղաքականությունը։

Այնպես որ, երբ խոսում եք 1979 թվականի ինչ-որ քարտեզների մասին, մի մոռացեք նաև ժողովրդագրական այս պատկերը։ Սրանց հեռանալուց հետո այս թիվ-փաստերը գործելու են։ Հիմա ձեր վիճակը տխուր է. նա Իլհամի գերին է, դուք՝ նրա»,-նշել է նա: