Թաիլանդի Սահմանադրական դատարանը չորեքշաբթի պաշտոնից հեռացրել է երկրի վարչապետ Սրեթհա Թհավիսինին բանտարկման ենթարկված նախկին իրավաբանին կառավարությունում նշանակելու համար, ինչը նոր քաղաքական ցնցումների սպառնալիք է ստեղծել, տեղեկացրել է Reuters-ը։
Սրեթհան, որը հայտնի է որպես անշարժ գույքի ոլորտի մագնատ, 16 տարվա ընթացքում չորրորդ վարչապետն է, որին հեռացնում են պաշտոնից նույն դատարանի որոշմամբ, որը որոշել է, որ նա խախտել է սահմանադրոթյունը՝ նշանակելով նախարարի, որը չի համապատասխանում էթիկական նորմերին։
Սրեթհայի իշխանազրկումը նշանակում է, որ խորհրդարանը պետք է հավաքվի, որպեսզի ընտրի նոր վարչապետ, իսկ դա հղի է էլ ավելի մեծ անորոշությամբ մի երկրի համար, որը երկու տասնամյակ տառապում է հեղաշրջումների եւ դատական որոշումների պատճառով, որոնք հանգեցրել են մի քանի կառավարությունների եւ քաղաքական կուսակցությունների անկման։
Անցած շաբաթ նույն դատարանը ցրել էր «Շարժում առաջ» կուսակցությունը, որը հսկայական համակրանք էր վայելում ընդդիմությունում՝ որոշելով, որ նրա քարոզարշավը թագի վիրավորման մասին օրենքը փոխելու վերաբերյալ վտանգում է խափանել սահմանադրական միապետությունը։



