
Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը հերքել է այն պնդումները, թե Բանգկոկը, իբր, պլանավորում է մահափորձ կատարել Կամբոջայի վարչապետ Հուն Մանետի և ասիական երկրի Սենատի (խորհրդարանի վերին պալատի) նախագահ Հուն Սենի դեմ։
«Արտաքին գործերի նախարարությունը կտրականապես մերժում է այս անհիմն պնդումը», - ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։ ԱԳՆ-ից ընդգծել են, որ երկու երկրների պատվիրակությունների՝ Կուալա Լումպուրում ընթացող բանակցությունների կիզակետում կեղծ լուրեր տարածելը «ոչ միայն կառուցողական չէ, այլև սպառնում է լրջորեն խաթարել քննարկումների դրական տրամադրվածությունը, որոնք ուղղված են իրավիճակի խաղաղ կարգավորմանը»։
Հուլիսի 24-ի առավոտյան զինված բախումներ են տեղի ունեցել կամբոջա-թաիլանդական սահմանի երկայնքով՝ Օդդար-Միենչեյ նահանգի վիճելի սահմանային գոտու մոտ։ Թաիլանդի զինված ուժերը հայտնել են, որ կործանիչներ են օգտագործել Կամբոջայի ուժերի դիրքերին հարվածելու համար՝ ի պատասխան նրանց կողմից ծանր զինատեսակների կիրառմանը։ Կամբոջայի ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ բանակը գործում է ինքնապաշտպանության շրջանակներում և պատասխանում է Թաիլանդի զորքերի ներխուժմանը։
Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը հուլիսի 28-ին հայտարարել է ասիական երկրների միջև հրադադարի մասին՝ Թաիլանդի վարչապետի պաշտոնակատար Ֆումտհամ Վեչայաչայի և Կամբոջայի վարչապետի միջև Կուալա Լումպուրում կայացած բանակցություններից հետո: Հրադադարն ուժի մեջ է մտել հուլիսի 29-ին, ժամը 00:00-ին: