Հայաստանի համար պատմությունը կարծես կրկնվում է։ Այս օրերին մենք տեսնում ենք այն, ինչին տեղյակ ենք պատմությունից։ Հայաստանում կրկնվում են 100 տարի առաջ տեղի ունեցող գործընթացները՝ պատերազմը, պետության կորստի վտանգը։ Հետաքրքիր է, որ պատմության կրկնությունը անգամ դետալների մակարդակում է։
Ամենավառ օրինակը Սյունիքն է։ Դեկտեմբերի 21-ին Սյունիքը հրաժարվեց ընդունել Հայաստանի շահերին դավաճանած Նիկոլ Փաշինյանին։ Մարզի խոշորագույն քաղաքների ղեկավարները հայտարարեցին, որ չեն պատրաստվում ընդունել Նիկոլ Փաշինայնին և այդպես էլ եղավ։ Փաշինյանը կարողացավ մեկ գյուղ մտնել և հանդիպել Սիսիանում հավաքված մի խումբ մարդկանց հետ, որոնց մեծ մասը բերվել էին մայրաքաղաք Երևանից։
Դեկտեմբերի 21-ին Սյունիքն ըստ էության «անջատվեց» Հայաստանից և ցույց տվեց, թե ինչպես պետք է լիներ արժանապատիվ քաղաքացիների արձագանքը հայրենիքի շահերին դավաճանած ղեկավարին։ Տեղի ունեցածը մեզ տեղափոխում է 1920 թվականի դեկտեմբերի 25, երբ Սյունիքը անջատվեց Հայստանից ու հռչակվեց Լեռնահայաստանի Հանրապետություն։ 1920 թ.- դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան առաջին համագումարը։ Որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն, մինչև պարզ կդառնար Հայաստանի Հանրապետությանը միանալու հնարավորությունը։
1920 թվականի Սյունիքի անջատումը Հայաստանից հնարավորություն տվեց պահպանել այս մարզը, որը հետագայում միացավ Մայր Հայաստանին։ Չլիներ այդ որոշումը, մեծ հավանականությամբ Սյունիքը թրքացած կլիներ։ Սա ըստ էության «անջատում էր՝ հանուն փրկության», որն իրապես հայանպաստ որոշում էր։
Հիմա էլ Սյունիքի վրա կարևոր առաքելություն է դրված։ Առաջինն իհարկե դավաճանության մերժումն էր, որը արվեց մեկ միասնական մարզի տեսքով։ Դավաճանության դեմ մարզի դիմադրությունը մեծապես կազմակերպվեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարմազյանի, Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի և իհարկե Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ջանքերով։
Նշված գործիչները վճռականության և նպատակներին հասնելու «բաց դաս» տվեցին նաև ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Ու հիմա նրանցով Սյունիքի դերակատարումը էապես մեծացել է։ Սյունիքը ոչ միայն Հայաստանի ողնաշարն է, այլև դարձել է գլուխը, որը կարողանում է մտածել և որոշումներ կայացնել։ Հիմա կարևոր է, որպեսզի նրանք նաև քաղաքական ակտիվ նախաձեռնողականությամբ հանդես գան ու իրենց ձեռքը վերցնեն նաև Փաշինյանին Հայաստանից հեռացնելու գործընթացը։



