ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նախարարության աշխատակազմի հետ համապետական մաքրության օրվա միջոցառումների շրջանակներում այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնք, որտեղ սանիտարական մաքրման, աղբահավաքման ու աղբահեռացման աշխատանքներ են իրականացվել։
Պապիկյանը նշել է, որ պարբերաբար անցկացվող շաբաթօրյակների նպատակը մաքուր շրջապատ, մաքուր երկիր ունենալն է: Նախարարի խոսքով մաքրության օրվան նվիրված միջոցառումներն անցկացվել ու անցկացվելու են ոչ թե պարտադրանքի մթնոլորտում, այլ ինքնակազմակերպման և շրջակա միջավայրի նկատմամբ միասնական պատասխանատվության և հոգատարության գիտակցությամբ։ «ՀՀ քաղաքացին իր շրջապատի, իր տան նկատմամբ պետք է լինի ավելի հոգատար, բայց այդ հոգատարությունը չպետք է ամփոփվի սեփական տան տարածքում: Դա պետք է դուրս գա տան, բակի, քաղաքի, գյուղի շրջանակից, քանի որ երկրի ամեն մի անկյուն մեր տունն ու բակն է: Սա է ամենակարևոր ուղերձը»,-ասել է նախարարը։



