Բանակում կրկին ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։ Սա այլևս առանձին ողբերգությունների շարք չէ, այլ համակարգային խնդիր։ ՀՔԱՎ-ի տվյալներով՝ միայն 2026 թվականի առաջին յոթ ամիսներին Զինված ուժերում արձանագրվել է զինծառայողների մահվան 30 դեպք։ Ընդ որում, տարբեր պետական կառույցների հրապարակած վիճակագրության միջև կան էական տարբերություններ, ինչն ինքնին լրացուցիչ հարցեր է առաջացնում։
Վերջին շաբաթներին սպանությունների, ինքնասպանությունների և այլ ոչ մարտական մահերի թեման այնքան մեծ հանրային հնչեղություն ստացավ, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ գնալ կադրային փոփոխությունների։ Մոտ տասը օր առաջ պաշտոնից հեռացվեց Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, և այդ պաշտոնում նշանակվեց նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
Սակայն պաշտոնանկությունները խնդիրը չլուծեցին։ Դրանց հաջորդեցին նոր ծանր դեպքեր, և հանրային դժգոհությունը ոչ միայն չմարեց, այլ ավելի մեծացավ։
Այստեղ արդեն առաջանում է քաղաքական պատասխանատվության հարցը։ Բանակում նման մասշտաբի խնդիրների դեպքում պատասխանատվությունը չի կարող անվերջ սահմանափակվել միջին կամ ստորին օղակի պաշտոնյաներով։ Պաշտպանության նախարարությունը ղեկավարում է Սուրեն Պապիկյանը, և հասարակության մի հատվածի կողմից նրա հրաժարականի պահանջը այս իրավիճակում կանխատեսելի է։
Փաշինյանի համար այժմ քաղաքական ընտրությունը բավական պարզ է։ Կամ նա պաշտոնանկ է անում Պապիկյանին՝ դրանով ընդունելով, որ պաշտպանության համակարգի ղեկավարումը ձախողվել է և փորձելով ժամանակ շահել ու մեղմել հանրային դժգոհությունը, կամ շարունակում է պահել նրան պաշտոնում։
Երկրորդ տարբերակի դեպքում պատասխանատվության սահմանն արդեն տեղափոխվում է անմիջապես վարչապետի վրա։ Եթե նախարարը մնում է պաշտոնում՝ այս ամենից հետո էլ, նշանակում է՝ Փաշինյանը քաղաքականապես ընդունում է նրա աշխատանքի արդյունքները և իր վրա է վերցնում բանակում տիրող իրավիճակի պատասխանատվությունը։
Այս փուլում հարցն այլևս միայն այն չէ, թե արդյոք Սուրեն Պապիկյանը պետք է հեռանա։ Հարցն այն է՝ քանի՞ նոր ողբերգություն պետք է տեղի ունենա, որպեսզի իշխանությունը բանակում ոչ մարտական մահերը դադարի դիտարկել որպես առանձին միջադեպեր և ընդունի, որ գործ ունի կառավարման համակարգային ճգնաժամի հետ։
Ս․Թ․



