2023 թվականի հոկտեմբերին՝ Գրանադայի հանդիպումից հետո, Հայաստանում լուրջ մտահոգություն առաջացավ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կիլոմետրով ճանաչելու գործընթացը կարող է անդրադառնալ նաև այսպես կոչված անկլավների, այդ թվում՝ Տիգրանաշենի վրա։
Իշխանությունը այդ մտահոգություններին ոչ թե առարկայական պարզաբանումներով պատասխանեց, այլ փորձեց դրանք ներկայացնել որպես կեղծիք ու խուճապ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարեց. «Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է։ Չվախենաք»։ Ավելին՝ նա Գրանադայի արդյունքները ներկայացնում էր որպես Հայաստանի «լուրջ հաղթանակ»։ 
Երեք տարի անց պատկերը բոլորովին այլ է։ 2026 թվականի օգոստոսի 20-ին Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենն անվանեց ադրբեջանական «Քյարքի» անունով և հայտարարեց, որ այն Հայաստանի տարածք չէ։
Ստացվում է պարզ հակասություն. 2023-ին Տիգրանաշենի հնարավոր կորստի մասին մտահոգությունը իշխանությունը «ֆեյքազերծում» էր, իսկ 2026-ին երկրի վարչապետն արդեն հրապարակայնորեն ասում է, որ այդ տարածքը Հայաստանինը չէ։
Ուստի իշխանությունը պարտավոր է պատասխանել մի քանի սկզբունքային հարցի. եթե Տիգրանաշենը Հայաստանի տարածք չէր, ինչո՞ւ այդ մասին հստակ չէր ասվում 2023-ին։ Եթե այն ժամանակ իրավիճակն այլ էր, ապա ե՞րբ, ինչի՞ հիման վրա և ո՞ր քարտեզներով փոխվեց իշխանության դիրքորոշումը։
Այս պատմության գլխավոր խնդիրը նույնիսկ Արայիկ Հարությունյանի անհաջող «Չվախենաք»-ը չէ։ Խնդիրը պետական հաղորդակցության վստահելիությունն է։ Երբ իշխանությունը սկզբում ծաղրում և «ֆեյք» է անվանում հանրային մտահոգությունը, իսկ տարիներ անց ինքն է փաստացի խոսում նույն խնդրի մասին, հասարակությունն այլևս լիարժեք հիմք չունի անվերապահորեն ընդունելու իշխանության հերթական հավաստիացումները։
Տիգրանաշենի պատմությունը հենց այդ վստահության ճգնաժամի ամենացայտուն օրինակներից է։



