
Սուդանի զինված ուժերը դուրս են մղել կիսառազմական Արագ արձագանքման ուժերին (ԱԱՈւ) Խարթումի օդանավակայանից, որը վերջիններիս վերահսկողության տակ էր 2023 թ. ապրիլին երկրում հակամարտության սկսվելուց ի վեր: Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն:
«Օդանավակայանն առաջին օբյեկտներից մեկն էր, որ ԱԱՈւ-ն զավթեց հակամարտության առաջին օրերին…. Բանակը կարողացավ լիովին վերականգնել վերահսկողությունը օդանավակայանի նկատմամբ, այդ թվում՝ նաև քաղաքացիական չվերթերի համար նախատեսված հատվածի նկատմամբ», - լրատվամիջոցը մեջբերում է իր թղթակցի խոսքը իրադարձությունների վայրից։
Al Jazeera-ի տվյալներով՝ զինվորականները նաև գրավել են օդանավակայանի շրջակայքում գտնվող մի քանի բնակելի տարածք։
Ավելի վաղ Սուդանի զինված ուժերը կարողացել էին նաև ԱԱՈւ-ից հետ գրավել Խարթումի նախագահական պալատը և Կենտրոնական բանկը, վերահսկողություն ապահովել Ալ Մանշեյա կամուրջի նկատմամբ, որը Կապույտ Նեղոսով միացնում է Խարթումը և Հյուսիսային Խարթումը:
Այս շրջանում ԱԱՈւ-ի ձեռքում մնում է միայն Խարթումից հարավ գտնվող Ջեբել Աուլիա ամբարտակի ջրարգելակների վրայով անցնող կամուրջը: Տեղի բնակիչների խոսքով՝ ԱԱՈւ-ն մայրաքաղաքից նահանջում է այս ուղղությամբ դեպի հարավ:
Սուդանում զինված հակամարտությունը զինվորականների և ԱԱՈւ-ի միջև շարունակվում է 2023 թ. ապրիլի 15-ից: Հակամարտության հետևանքով զոհվել է առնվազն 28 000 մարդ: Ավելի քան 14 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տունը։