Սուդանի և Հարավային Սուդանի միջև բախումների հ...

Սուդանի և Հարավային Սուդանի սահմանին բախումների հետևանքով 52 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյայի։

Հարավային Սուդանի Վարաբ նահանգից զինված երիտասարդները ներխուժել են հարևան Աբյեյ նահանգ․ դա նավթով հարուստ տարածք է և համատեղ կառավարվում է Հարավային Սուդանի և Սուդանի կողմից, քանի որ երկուսն էլ հավակնություններ ունեն նահանգի նկատմամբ։

Աբյեյի տեղեկատվության նախարար Բուլիս Կոչը Reuters-ին հայտնել է, որ 52 զոհերի թվում կան կանայք և երեխաներ, ինչպես նաև ոստիկաններ։ Եվս 64 մարդ վիրավորվել է։ Հարձակումը տեղի է ունեցել հունվարի 27-ին։

Աբյեյում հաճախ բախումներ են տեղի ունենում հակամարտող խմբավորումների միջև։

Հարավային Սուդանում քաղաքացիական պատերազմը 2013-2018 թթ․ընթացքում հարյուր հազարավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Այդ ժամանակից ի վեր զինված խմբավորումները շարունակում են սպանել և տեղահանել մեծ թվով քաղաքացիական անձանց։ Աբյեյում բախումների ժամանակ 2023 թ․ նոյեմբերին առնվազն 32 մարդ էր զոհվել։