Ստվերը միշտ լինելու է․ ՊԵԿ նախագահ

Տնտեսության մեջ ստվեր միշտ լինելու է, բայց այն պետք է լինի կառավարելիության շրջանակում։ Այս մասին այսօր ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Ու թեև տնտեսագետները, իր պնդմամբ, կարող են չհամաձայնել, բայց Անանյանը համարում է, որ խելամտության սահմանը 15-17 տոկոս ստվերն է։

Տնտեսագետները, ըստ Անանյանի, ավելի ցածր ստվեր են ակնկալում, բայց ինքը կարծում է, որ մինչև 15-17 տոկոս ստվերը կառավարելի է, եթե կան գնահատման գործիքներ։ Ըստ Անանյանի, ՀՀ ՊԵԿ-ում հիմա ներդրվում է այդպիսի գնահատման էլեկտրոնային եղանակ։

«Հիմա ԱՎԾ-ն ասում է՝ 22-25 տոկոս է ստվերը։ Իրականում ես չգիտեմ՝ ինչքան է ստվերը։ Ոչ մեկ չգիտի՝ ինչքան է ստվերը։ Ինչո՞ւ։ Որովհետև ստվերի հաշվարկի մեթոդաբանություն գոյություն չունի», – ասաց Անանյանը։

ՊԵԿ նախագահը նշեց, որ իրենք որոշակի պատկերացումներ ունեն ամեն ոլորտում ստվերի չափի մասին, ու այն կրճատելու համար սովորաբար հարցերը պարզում են ոլորտի խոշոր կազմակերպությունների հետ։