Կիպրոսում տեղի են ունեցել Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ և եռակողմ ձևաչափերով համագործակցության ընթացքն ու առաջիկա անելիքները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի, պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։
Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիներին համագործակցության զարգացման ընթացքը։
Խորհրդակցությունների արդյունքում երեք երկրների միջազգային ռազմական համագործակցության համար պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ստորագրել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերը։



